Մամուլից տեղեկացանք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հանդես է եկել Միքայել Սրբազանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու նախաձեռնությամբ:
««Համահայկական միասնական խորհուրդ » նոր ուժը հիմնվում է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, եւ այս միասնությունը ազդարարելու է մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շտապել է արձագանքել` նշելով, որ ինքը ոչ մի խորհրդի, ոչ մի ուժի, ոչ մի կուսակցության ու կառույցի անդամ չէ, ոչ մեկի չի պատրաստվում միանալ:
Թե ինչ են հասկանում Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնություն ասելով` նախաձեռնողներն իրենք կիմանան: Պաշտպանության նախկին նախարարին եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահին, կարծում ենք, հարկ չկա հուշելու կամ բացատրելու, թե որոնք են պետության գործառույթները, կառավարման ինչ մոդել է գործում Հայաստանի Հանրապետությունում, իշխանությունն ինչպես է ձեւավորվում, իշխանության մարմինների միջեւ ինչ հակակշիռներ կան: Թաքուն հույս ենք փայփայում, որ գեթ մեկ անգամ Սահմանադրությունը բացած ու կարդացած կլինեն պատասխանատու պաշտոններ զբաղեցրած ժամանակ:
Եթե նշված անձինք այդքան մտահոգ են մեր երկրի ճակատագրով, ցանկություն ունեն ինչ-որ բանով օգտակար լինելու, լավ կլինի, որ զբաղվեն այն գործերով, որոնցից իրենց ինտելեկտի, փորձի բերումով լավ են գլուխ հանում ու պատկերացնում: Ազգին էլ, բանակին էլ, եկեղեցուն էլ հանգիստ թողնեն, որովհետեւ 21-րդ դարում դիվանագիտությամբ եւ պետական կայացած ինստիտուտներով են աշխարհում սեփական տեղը նվաճում, ոչ թե սնամեջ պոռոտախոսությամբ:
Թագուհի Հակոբյան
