«Հեշտ չի տրվել կերպարը, բայց ես սիրում եմ աշխատանքային բարդություններ». Ռոզի Ավետիսովան՝ Գոռ Կիրակոսյանի «MALLորվածը» ֆիլմում իր կերպարի մասին

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «MALLորվածը» ֆիլմի նկարահանուներն արդեն մեկնարկել են: Ֆիլմը կատակերգական ժանրում է՝ հետաքրքիր ու գունավոր կերպարներով: Դերասանական կազմում ընդգրկված են դերասաններ Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Անի Խաչիկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Իննա Խոջամիրյանը, Գարիկ Սեփխանյանն ու ուրիշներ:  

«Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են հունվարի 13-ից, իսկ նախապատրաստական շրջանը մի փոքր ավելի շուտ. կերպարային լուծումներ, դերի նախապատրաստություն և այլն»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով ֆիլմում մարմնավորում է մոր կերպարը:

«Առաջարկը ստացել եմ հենց Գոռ Կիրակոսյանից, սցենարը կարդալուց հետո նոր վերջնական համաձայնությունս տվել եմ, որովհետև ուզում էի, որ կերպարը տարբեր լիներ, տարբերվեր «Բարի օր» ֆիլմում մարմնավորած իմ կերպարից ու նաև ինձ հետաքրքրեր»,- նշեց դերասանուհին:

Նա խոստովանեց, որ կեպարը բավական հետաքրքիր է և նախկինում նման բնավորությամբ կնոջ չի մարմնավորել:

«Բացի այդ, գիտեի, որ Գոռի հետ եմ աշխատելու և հանգիստ էի, որովհետև այն ամենն ինչ պատկերացնում էի սցենարը կարդալիս, վստահ էի, որ Գոռը կստանա: Դա շատ կարևոր է»:

Ռոզին անկեղծացավ, որ առաջին նկարահանման օրը բոլորը լարված էին՝ ինչպես թատրոնում առաջնախաղերի օրերին:

«ֆիլմի հենց առաջին նկարահանման օրը իմ տեսարաններն էր նկարվում:

Բոլորս ունեինք այդ ներքին լարվածությունը, ինչը, կարծում եմ, նորմալ է:

Դերասանական կազմը շատ-շատ լավն է, մեկը մյուսից հետաքրքիր դերասաններ են ընտրված, և կարծում եմ, ամեն մեկը ճիշտ իր դերում է, շատ ճիշտ քասթինգ է արված: Շատ հետաքրքիր ու գունավոր կերպարներով կատակերգություն է լինելու:

Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կանխազգացում ունեմ, որ հաջողված ֆիլմ է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

Ֆիլմը էկրան կբարձրանա տարեվերջին: Դերասանուհին դեռևս չի ցանկանում կերպարից շատ մանրամասնել պատմել, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի, միայն նշում է, որ ֆիլմը և՛ իրեն, և՛ մյուս դերասաններին նորովի բացահայտելու հնարավորություն կտա:

Նա նաև խոստովանեց, որ դերը հեշտ չի տրվել, բայց սիրում է աշխատանքային բարդություններ, որովհետև դրանք նոր հնարավորություն են տալիս ինքդ քեզ բացահայտելու:

«Առաջարկն ընդունեցի, որովհետև բավականին հետաքրքիր գույներ ունի կերպարը։ Ինձ շատ հետաքրքիր է աշխատել, ես հեշտ տրվող կերպարներ առհասարակ չեմ սիրում և ինձ էլ հետաքրքիր չի լինում այդ դերի վրա աշխատելը»,- նշեց մեր զրուցակիցն ու վստահեցրեց, որ նկարահանման հրապարակում դեռևս կոնֆլիկտներ չեն եղել:

«Որքանով ես հիշում եմ նախորդ ֆիլմի հրապարակը, երբ Գոռի հետ էի աշխատում, կարող եմ ասել, որ Գոռի ֆիլմերում և նկարահանման հրապարակներում առհասարակ կոնֆլիկտներ չեն լինում»,- ամփոփեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում