UFC-ի վետերան մարտիկ Էնթոնի Սմիթը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Չի կարելի անընդհատ մարդկանց աչքին փուշ լինել և ակնկալել, որ նրանք կընդունեն քեզ: Ես նկատի չունեմ, որ Ծառուկյանը լուրջ վնասվածք չի ստացել, բայց երբեմն դուք հանգամանքների զոհ եք դառնում։
Բոլորն արդեն մոռացել են, որ նա հարվածել է երկրպագուի դեմքին։ Սակայն UFC-ի շրջանակում դա մեծ սկանդալ էր, թեև ԶԼՄ-ներն առանձնապես աղմուկ չէին բարձրացրել: Նա պետք է ներողություն խնդրեր այդ արարքի համար, բայց չարեց։ Իսկ Օլիվեյրային հաղթելուց 5 շաբաթ անց առաջարկեցին Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտ, սակայն նա ի վերջո չմասնակցեց այդ պայքարին։ Չեմ ուզում դատել նրան, բայց այս պահերը կարող են կուտակվել։
Ծառուկյանը շատ սիրված է Լոս Անջելեսում, UFC-ն մեծ գումարներ է ներդրել նրա առաջխաղացման համար: Ես համաձայն եմ նրա որոշման հետ՝ չգնալ Իսլամի դեմ մենամարտի ոչ օպտիմալ վիճակում: Բայց հիմա նա ստիպված կլինի վերադառնալ չեմպիոնական մրցավազք»,- ասել է ամերիկացին:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց: