Լոս Անջելեսի հյուսիսում նոր անտառային հրդեհ է բռնկվել՝ ընդամենը մի քանի ժամում գրավելով շուրջ 39 քառակուսի կիլոմետր տարածք, գրում է Current time: AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 50 հազար մարդ տարհանման հրամաններ և նախազգուշացումներ է ստացել։ Հրդեհը սկսվել է հունվարի 22-ի առավոտյան Կաստայիկ լճի շրջանում՝ Լոս Անջելես քաղաքից 80 կիլոմետր հյուսիս։ Մի քանի ժամում հրդեհը ոչնչացրել է 39 քառակուսի կիլոմետր տարածք և շարունակում է տարածվել։ Այն համեմատելի է Լոս Անջելեսում երկու ավերիչ հրդեհներից մեկի՝ «Իտոն» հրդեհի տարածքի 66 տոկոսի հետ։ CNN-ի հաղորդմամբ՝ տարածքը, որտեղ բռնկվել է հրդեհը, հիմնականում ծածկված է թփուտներով և արոտավայրերով, որոշ հատվածներում՝ անտառներով։ «Փրկարարները մեծ աշխատանք են անում՝ փորձելով զսպել կրակի տարածումը»,- ասել է Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ջո Թայլերը: Տարածաշրջանում եղել է եղանակի մասին նախազգուշացում, սակայն քամիներն այնքան ուժեղ չեն եղել, որքան նախորդ հրդեհների ժամանակ։ Հրդեհը մարելու համար ուղարկվել է ավելի քան 4000 հրշեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Լոս Անջելեսի շրջանում սկսված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Չոր ու քամոտ եղանակը, ըստ օդերևութաբանների, հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Զոհվել է առնվազն 25 մարդ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/852420.html?fbclid=IwY2xjawIADktleHRuA2FlbQIxMQABHRe5-KpkC_kGVBZcXNe4-188zeYzijXo4bMnLxCNd94Lj9AqldrR08KJqw_aem_GStjJ1RQKN4Ge3zSFZVRwQ
© factor.am
