Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացել է տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։

Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը  զրուցել է «Արմենպրես»-ի հետ։

— Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։

— Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

— Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

— Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

— «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

— Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։

— Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

—  Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

— Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը…

— Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

— Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

— Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։

Կիսվել սոց․ ցանցերում