Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 10-ին կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նախորդ դատական նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբանը միջնորդել էր իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման կազմակերպման։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը, փաստաբանը հնարավորություն էր ստացել առանձին հանդիպել Վարդանյանի հետ։
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր, որ դատավարության ընթացքում գործի նյութերն աղավաղված են թարգմանվել, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով փոխել թարգմանչին։
Նախորդ դատական նիստը կայացել էր փետրվարի 6-ին:
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։
Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։ Հունվարի 27-ին ևս կայացել էին թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստեր։
