Ավանեսյանը մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է թվայնացման աշխատանքները

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023-2024 թվականների ծախսային արդյունավետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները: «Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ լինեն: Ապահովագրական ռեֆորմը զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու ծառայությունների տեսակների ընդլայնման և սպասարկման ծավալների մեծացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը հանդիպմանն անդրադարձել է բարեփոխմանն ընդառաջ իրականացվող աշխատանքներին` բոլոր մարզերում իրականացվող կապիտալ շինարարությանը, վերազինմանը, թվայնացման ընդլայնմանը, որակի վերահսկման և ներքին կառավարման ներդրմանը: Անահիտ Ավանեսյանը խրախուսել է օգտվել պետական աջակցման լիզինգային ծրագրից` լրացուցիչ բուժծառայություններ ներդնելու հնարավորությունից:   Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:  Հավաքագրված խնդիրներին տեղում լուծումներ տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նախարարի մարզային այցեր:

Կիսվել սոց․ ցանցերում