Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ՝ Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի հետ հանդիպումից հետո։
«Երեկ դատական իշխանության հարգելի ղեկավարն ինձ հրավիրեց հանդիպման, որը, նշելով երկրում տիրող իրավիճակը, խորհուրդ տվեց վերադառնալ (դասավանդելու) համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումներից խուսափելու համար։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և մաղթում եմ նրան և ժողովրդի բոլոր ծառաներին ամենայն բարիք»,- գրել է նա X-ում։
Զարիֆն ասել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում բախվել է իր հասցեին վիրավորանքների, զրպարտությունների և սպառնալիքների, սակայն նա համառորեն ծառայել է իր երկրին:
