Ֆրանսիայում այս տարվա երկրորդ կիսամյակին կարող են տեղի ունենալ նոր պառլամենտական ընտրություններ։ Նման կանխատեսում է կատարել միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Ֆրանսիայում երկարաժամկետ կտրվածքով տնտեսական վիճակն այնքան էլ գոհացուցիչ չէ։ Մասնավորապես, պետական բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ 6 տոկոսին, ինչը գերազանցում է նպատակային 4,4 տոկոս սահմանաչափը։ 26 թվականի համար դեֆիցիտը կկազմի 5,6 տոկոս, 27 թվականին՝ 5,4 տոկոս։ Պետական պարտքը կհասնի մինչեւ 2028 թվականը՝ ՀՆԱ-ի 120 տոկոսին։
Տնտեսական այս՝ ոչ այնքան բարվոք վիճակից բացի, Ֆրանսիայում կա նաեւ քաղաքական լարվածություն եւ բեւեռացվածություն, ինչը հատկապես խորացավ 24 թվականի արտահերթ ընտրություններից հետո։ Գործող վարչապետ Բայրուի կաբինետը խորհրդարանում չունի բացարձակ մեծամասնություն, ինչը տնտեսական եւ ֆիսկալ որոշումներ կայացնելու գործընթացը բարդացնում է։ Այս ամենի ֆոնին, հնարավոր է, որ այս տարվա արդեն երկրորդ կիսամյակին նոր պառլամենտական ընտրություններ տեղի ունենան, որոնց հնարավոր արդյունքները բավական անկանխատեսելի հետեւանքներ կունենան Ֆրանսիայի թե քաղաքական կյանքի, թե տնտեսության վրա, նշում են վերլուծաբանները։
