ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքում տեղ են գտել լայնածավալ խարդախության սխեմաներ։
«Շատ հրաշալի է հնչում. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն: Մի՞թե հրաշալի չէ։ Բայց դա համատարած խարդախություն է», — Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա՝ առանց մանրամասնելու։
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում այս խախտումների նկատմամբ և դեմ է իր վարչակազմի միջոցներին, որոնք ուղղված են գործակալության աշխատանքի դադարեցմանը։ «Դեմոկրատները միշտ ասում են՝ մեր Սահմանադրությունը խախտվել է։ Միակ բանը, որի մասին նրանք երբեք չեն խոսում, այն է, թե ուր են կորել միլիարդավոր դոլարները: Նրանք չեն ուզում փնտրել»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը քննադատության է ենթարկել և խոստացել է վիճարկել որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Մերիլենդ նահանգի դաշնային շրջանային դատարանը։ Դատավորը անօրինական է համարել գործակալության աշխատանքը սահմանափակելու և մի շարք աշխատակիցների հեռացնելու Թրամփի որոշումները։ «Գիտե՞ք, թե նա (դատավորը) ինչ պետք է անի։ Նա պետք է պարզի, թե ուր են կորել գումարները»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով այն միջոցները, որոնք, նրա կարծիքով, Միացյալ Նահանգները կորցրել է ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքի ընթացքում խախտումների պատճառով։