Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, պայմանավորվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
«Politico Europe» պարբերականի հետ հարցազրույցում անդրադառնալով այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պայմանավորվածություն է եղել Ադրբեջանի հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քառակուսի կմ և 86. 600 քառակուսի կմ:
«Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երևանում մամուլի ասուլիս եմ տվել, և լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ այո, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին:
Սա է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի և բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»,- մանրամասնեց վարչապետը:
