Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պшպուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին կասկածներ ունի, որ միայն խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան։

Սիմոն Պապուաշվիլին այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը վերջին տարիներին բազմիցս ցույց է տվել, որ անտեսում է իր միջազգային պարտավորությունները։

«Ես սկեպտիկորեն եմ վերաբերվում Ադրբեջանի հետ այս պահին ցանկացած խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարին։ Ալիևի ռեժիմը վերջին տարիներին բազմիցս անտեսել է իր միջազգային իրավական պարտավորությունները, և ես խորապես կասկածում եմ, որ միայն խաղաղության համաձայնագիրը կկարողանա կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի դեմ։ Փոխարենը, ես համոզված եմ, որ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ անվտանգության երաշխիքներ իր եվրոպական դաշնակիցներից, որոնք պետք է ներառեն երկրի պաշտպանական և ռազմական կարողությունների ամրապնդումը՝ հետագա ադրբեջանական հարձակումները զսպելու համար»,- ասել է Սիմոն Պապուաշվիլին՝ ցավով արձանագրելով, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ միջազգային հարաբերություններում ուժի կիրառումը շարունակում է մնալ միակ իրական ազդեցիկ լեզուն։

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում