«Հայկական ժամանակ»-ի զրույցը Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ:
— Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ ընդգրկվեցիք ՔՊ-ի ցուցակում:
— Ինձ հրավիրեցին, ես էլ սիրով համաձայնեցի, որովհետև կարծում եմ, որ մշակույթի գործիչները պետք է անպայման լինեն ավագանու ցուցակում ու իրենց խոսքն ասեն, ծրագրեր ներկայացնեն:
— Ի՞նչ ասելիք ու ծրագրեր ունեք Դուք:
— Առաջին փոփոխությունը, որ միշտ եմ ուզեցել, այն է, որ փոխվի Երևանում փողոցային երաժշտության իմաստը, միտքն ու որակը: Չէի ուզենա փողոցային երաժիշտներին տեսնել որպես մուրացկանների, կուզենայի տեսնել որպես արտիստների, որպես մշակույթ ներկայացնող միավորների կամ խմբերի: Կուզենայի՝ այդ ամենը կանոնակարգվեր, լիներ քաղաքապետարանի հսկողության կամ հովանու ներքո, որովհետև մենք մշակութային քաղաք ենք ու ունենք բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, և չէի ուզենա՝ այդ հյուրերը տեսնեին կամ լսեին հյուսիսային պողոտայի «աղմուկը»: Երկու մետր այն կողմ ջութակ են նվագում, դրա կողքը՝ դհոլ ու զուռնա, մի քանի քայլ այն կողմ ինչ-որ մեկը երգում է: Այդ հարթակը կարող է ծառայել երիտասարդ երաժիշտների կայացմանը: Եվ հետո, աշխարհի ցանկացած զարգացած երկրում երաժիշտը, որը պետք է նվագի ինչ-որ մի տեղ, լիցենզավորվում է, քննություն անցնում, որպեսզի իրավունք ստանա դուրսը նվագելու, և դրա համար նաև ժամեր գոյություն ունեն:
Երկրորդը՝ կուզեի, որ աղմուկի մակարդակը իջներ, որովհետև շատ աղմկոտ քաղաք է Երևանը, նաև՝ երաժշտական առումով, էլ չեմ ասում, որ մեքենաներ կան, որոնք, սարսափելի բարձր ձայնով խայտառակ երաժշտություն միացրած, գիշերները երթևեկում են Կենտրոնով ու խանգարում բնակիչների հանգստին. այդ ամեն ինչը պետք է կանոնակարգել: Շատ բաներ կա, որ կուզենայի շտկվեր ու փոխվեր, դրա համար սիրով համաձայնվել եմ նաև իմ ներկայությունը, փորձն ու գիտելիքները ներդնել այդ ասպարեզում:
— Արդյոք ռիսկային չէ՞ քաղաքականություն մտնելը:
— Ես դրան քաղաքականության տեսանկյունից չեմ նայում, քաղաքային անկյունից՝ այո, մշակութային-քաղաքականության անկյունից՝ այո, բայց քաղաքականություն… ես շատ հեռու եմ դրանից: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին՝ ինձ սիրողը սիրելու է, չսիրողն էլ չի սիրելու, ոնց որ միշտ է եղել: Շատ չսիրողներ գալիս են մեր համերգներին, շատ սիրով ժպտում են, ծափահարում ու գնում (-հեղ. ծիծաղում է): Ես կուսակցական չեմ ու չեմ էլ եղել ու չեմ էլ պատրաստվում լինել. իմ կուսակցությունը երաժշտությունն է: Ես առաջադրվել եմ, որ իմ պատկերացրած Երևանն առաջարկեմ:
— Մասնակից ուժերի շրջանում առողջ մրցակցություն կա՞:
— Կան թեկնածուներ, որոնք առողջ քննադատություն ունեն, առողջ մտածելակերպ ու, իրոք, մտածում են քաղաքի բարելավման և բարեկարգման մասին, առողջ ապագայի մասին: Բայց կան նաև թեկնածուներ, որ չարությամբ են լցված, ու չգիտեմ՝ ո՞րն է իրենց ծրագիրը, ինչո՞վ են առաջնորդվում ու ո՞րն է վերջնանպատակը:
— Կառանձնացնե՞ք մի քանիսին…
— Օրինակ՝ Տիգրան Խզմալյանը կամ Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը. այդ մարդիկ, իրոք, սրտացավ են քաղաքի համար: Շատերին չեմ էլ ճանաչում, բայց բոլորին մաղթում եմ բարի երթ:
— Մշակույթից դուրս Երևանում ի՞նչ կփոխեիք: Ձեր պատկերացրած Երևանը, միջավայրը, մարդիկ ինչպիսի՞ն են:
— Ուշադիր նայեք՝ ոնց ենք մենք մեքենա վարում. երթևեկությունը մեր դեմքն է: Այսօր հետիոտնին ճանապարհ տվող վարորդը հերոս է, բայց դա նորմալ երևույթ է՝ զիջելը, բարևելը, աղբը չթափելը, դրանք շատ նորմալ երևույթներ են ու հերոսություն չէ: Կուզենայի, որ մարդիկ շատ ավելի ուշադիր լինեն մեր քաղաքին, իսկապես պետք է գիտակցեն, որ իրենք են տերը այս քաղաքի, բոլորս ենք տերը, այս քաղաքը իրականում է մեր տունը, ոչ թե երգերի ու բանաստեղծության մեջ: Հենց քաղաքին ու միմյանց խնամքով վերաբերվենք, ոնց վերաբերվում ենք մեր անձին ու մեր բնակարանին, գույքին, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Երևանում ամենակարևորը հենց մարդիկ են ու հենց մարդիկ էլ պետք է փոխեն այն. իմ ու ձեզ նման մարդիկ: Պետք չէ ամաչել շատ բաներ նկատելուց ու ոչ թե նկատողություն անել, այլ առաջարկություն: Իմ կյանքում շատ դեպքեր է լինում, երբ աղբը աղբամանի կողքը թափող անձնավորությանը առաջարկում եմ այն գցել աղբամանի մեջ, կամ ինքս եմ իր աղբը գցում աղբամանը. դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա, արդյունքում հաջորդ անգամ այդ մարդն էլ նման բան չի անի: Մարդկանց մտածողության մեջ էլ պետք է շատ բան փոխվի, որովհետև մենք սովոր ենք, որ մեր փոխարեն պետք է մեկ ուրիշն ամեն ինչ անի. մենք պիտի անենք՝ մեր տունը մեր փոխարեն ոչ ոք չի մաքրելու:
— Ո՞ր պահից սկսվեց այդ գիտակցումը:
— Մենք անընդհատ մտածում ենք՝ ինչ անենք, ինչ անենք, բայց պահեր կան, որ պետք է մտածենք՝ ինչ չանենք: Ֆեյսբուքներում իրար քննադատող ու փնովող ստատուս գրելը շատ հեշտ է, որովհետև ոչ մի բան չի պահանջում, պահանջում է մարդու անբռնազբոսություն և երկու մատ, ընդ որում՝ բութ մատ: Հետո այդ ստատուսն իջնում, իջնում, իջնում է, բայց, ի վերջո, արած գործն է մնում:
— Գաղտնիք չէ, որ մշակույթի, արվեստի գործիչների հանդեպ հատուկ հարգանք կա. ինչ եք կարծում՝ այդ փաստը Ձեզ կօգնի՞, թե՞ հակառակը:
— Ես հեշտ ու դժվարի մասին չեմ մտածել, եթե այդ խոսքը իրոք նշանակություն ունի, կհասնի: Հետո այնպես չէ, որ եթե հեշտ է, ուրեմն լավ է, լավ բաները դժվար են տրվում. լավ նվագելը շատ դժվար է, լավ ընտանիք ունենալը դժվար է. աշխատանք է պահանջում: Չես կարող տանը նստել ու մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու:
-Ի՞նչ կասեք երևանցիներին:
— Անպայման գնացե՛ք ընտրությունների, որովհետև հիմա երևանցին, կամ ՀՀ քաղաքացին իրավունք ունի ընտրելու և նաև տեր կանգնելու դրան: Սիրե՛ք Երևանը, ինչպես սիրում եք ձեր տունն ու ընտանիքը:
