ՀՀ Կառավարությունն ապրիլի 10-ի նիստում որոշում է ընդունել ԿԳՄՍՆ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և ԿԳՄՍՆ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլել և ձեւավորել «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման նպատակը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:
«Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով:
«Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի» շինությունները երկար տարիներ չի հիմնանորոգվել, իսկ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին» ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, և վերջինս իր ուսումնական գործընթացը իրականացնում է երկհերթ՝ Կոտայքի Արգել գյուղի «Արգելի Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հաշվի առնելով, որ մինչև 2026 թվականը շարունակվելու է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Բյուրեղավանի արհեստագործականց պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին անդրադարձ կլինի օպտիմալացման գործընթացների ավարտից հետո:
