Հայկ ջա՛ն, Մարության ջա՛ն, լավ դերասան ջա՛ն, լավ մարդ ու վատ ղեկավար ջա՛ն։ Մասիվում որ ինքնակայացար, բիզնեսը քանդեցիր, hիմա մի քանի 100 միլիոն դրամ պետությունը տուժում է։ Այս մասին նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը՝ դիմելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին։
«Կամ «Սանիտեկի» 5․2 միլիրադ դրամը սարքեցիր 7․5։ Առանձապես փոփոխություն չեղավ։ Ինչո՞ւ ինքնակայացար այս 2 հարցով, ինչո՞ւ ես այս քաղաքին այդքան վնաս տվել և ո՞վ պետք է վերականգնի այդ գումարները»,- ասաց Թարվերդյանը՝ նկատի ունենալով Նոր Նորք վարչական շրջանում շինության քանդումը և «Սանիտեկի» հետ պայմանագրի միակողմանի խզումը։
2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդել էր Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը:
Քաղաքապետարանը հայտարարել էր, թե այն կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել էր դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը: Դատարանը որոշել էր, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է:
Այնուհետև գործը հասել էր Վերաքննիչ դատարան, որտեղ կրկին հօգուտ «Անի-97»-ի դատարանը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով քաղաքապետարանին ընկերությանը վճարել մոտ 549 միլիոն դրամ։
