Հայաստանի համար կարևոր բանակցություն Փարիզում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն այցելելու են Փարիզ, որտեղ Ուիթկոֆը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, իսկ Ռուբիոն՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոյի հետ: Ըստ տեղեկության՝ նրանք քննարկելու են Ուկրաինայի պատերազմին վերաբերող գործընթացը: Կասկած չկա, որ քննարկման առարկա կլինի նաև Իրանի հարցը:

Սա թերևս առավել հետաքրքրող է Հայաստանի համար՝ հաշվի առնելով ոչ միայն Իրանի հարևանությունն ու կարևոր նշանակությունը Հայաստանի անվտանգության միջավայրի համատեքստում: Կարևոր է, թե Իրանի շուրջ գործընթացում ինչ ներգրավում կարող է ունենալ Ֆրանսիան: Օրերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն հայտարարել էր, որ Իրանի գործարքում պետք է հաշվի առնվեն նաև Եվրոպայի շահերը:

Ինչ է դա նշանակում ավելի մանրամասն, պարզ չէ: Ըստ ամենայնի՝ Փարիզում կայանալիք հանդիպումներում կարող է որոշակիանալ հենց այդ թեման նույնպես: Իսկ հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունը, դրա տրամաբանությունն ու կառուցվածքը և առավել ևս հաշվի առնելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի մեծ ուշադրությունը Սյունիքի հանդեպ ու հաճախակի այցերը Սյունիք, Իրանի գործարքի համատեքստում Ֆրանսիայի հնարավոր որևէ ներգրավվածություն՝ ուղղակի, թե անուղղակի, կարող է իր արտացոլումն ունենալ նաև Հայաստանի հարցում Փարիզի վարքագծի վրա:

Ըստ այդմ՝ Փարիզում սպասվող ֆրանս-ամերիկյան քննարկումները, անշուշտ, կարևոր են Հայաստանի համար, քանի որ ազդեցությունն այս պարագայում թերևս, անկասկած, կարտահայտվի այդ բանակցության թե ընդհանուր հայտարարի, թե դրա բացակայության պարագայում: Եթե Ֆրանսիան այսպես ասած տեղավորվի Իրանի գործարքի, իսկ դա իր հերթին նշանակում է թերևս ռուս-ամերիկյան առավել մեծ գործարքի շղթայում, ապա դա, իհարկե, կփոխի նաև Ֆրանսիայի կովկասյան ներուժը: Հակառակ պարագայում, Փարիզն իր կովկասյան քաղաքականության հարցում ստիպված է լինելու ավելի շատ հաշվի նստել Թուրքիայի ու անուղղակիորեն թերևս դրա «սատելիտ» Ադրբեջանի մոտեցումների հետ, ինչը չի կարող շահեկան լինել Հայաստանի համար:

Կիսվել սոց․ ցանցերում