ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի կապակցությամբ զինադադարը երկարաձգելու հրաման չի տվել:
Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՌԴ ղեկավարը հրամայել էր բանակին ապրիլի 19-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
Ուկրաինան արձագանքել էր հայելային:
Ապրիլի 20-ի կեսօրին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերի բոլոր խմբերը խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը։ Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ից հետո ուկրաինական բանակը 444 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը և անօդաչու թռչող սարքերի 900 հարված է հասցրել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետակոծությունները և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։
«Կա՛մ Պուտինը լիովին չի վերահսկում իր բանակը, կա՛մ իրավիճակը ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթաց գրանցելու նպատակ չունի»,- ասել էր նա։
