Հակակոռուպցիոն բացահայտել է, թե ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։
«Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, արդեն շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,– ասել է Կոմիտեի ՀԿԳ քննիչ Արման Խաչատրյանը։
Կադրերում երևում է, որ տղամարդը կոմիտե է մուտք գործում սիլիկոնե և բժշկական դիմակներով, վերելակը կանչելուց հետո փորձում վերացնել սեփական մատնահետքերը:
Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, տարբեր մարզեր այցելել, ապա գնացել իրենց տուն։ Նա նաեւ գումարը բաժանել է մի քանի մասերի, սակայն, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գումարը:
Ընդ որում, նա անցնում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու գործով: Հանցավոր խմբի կազմակերպիչը, ըստ մեղադրանքի, կոմիտեի գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատարն է: Նա և կատարողը խոստովանել են մեղքը:
Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։
