Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են. խորհուրդներ՝ մասնագետից

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով:

Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի և բռնկումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը, աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար, խորհուրդ է տալիս

. լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

. մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,

.սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

. խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

. մի՛ օգտագործեք կասկածելի ջուր (համը և հոտը փոխված, պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործե՛ք միայն եռացնելուց հետո կամ խմե՛ք շշալցված ջուր,

. ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

. մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ,

. աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:

Կիսվել սոց․ ցանցերում