«Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում առաջ եկող գործնական հարցերով, որոնք պետության համար ռազմավարական ուղղություններում կարող են նույնիսկ որոշակի խոչընդոտներ առաջացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում:
Նա ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են և ուղղված են լեզվի կանոնակարգմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Նախարարի դիտարկմամբ՝ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։
Առաջարկվող նախագծով փոփոխություն է իրականացվում նաև «գրական հայերենի կանոնարկում» հասկացության սահմանման մեջ՝ բացի նախկինում գործող սահմանումից ներառելով նաև «գործող զուգաձև կիրառությունների միօրինականացում» արտահայտությունը:
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ հաջորդ փուլում «Լեզվի մասին» օրենքում շատ ավելի մեծածավալ փոփոխություններ են իրականացվելու, որը բխելու է լեզվական քաղաքականության հայեցակարգից։ Անդրադառնալով նախորդ տարվանից մեկնարկած նախաձեռնություններին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են իրականացվում «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկի ուղղությամբ:
