Ինձ համար անակնկալ էր «Հանրային ձայն» կուսակցության գրանցած արդյունքը. քաղաքագետ

Երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների, ընտրելու իրավունք ունեցող 824.316 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234.436-ը կամ տոկոսային արտահայտությամբ՝ ընտրողների 28.44 տոկոսը։

Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները։

  1. «Հանրային ձայն» կուսակցություն — 22 431 ընտրող (9.68%)
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 75 463 ընտրող  (32.57%)
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն — 2595 ընտրող (1.12%)
  4. «Հաղթանակ» կուսակցություն —  3959 ընտրող (1.71%)
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն — 1706 ընտրող (0.74%)
  6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» — 2572 ընտրող (1.11%)
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 43 765 ընտրող (18.89%)
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — 780 ընտրող (0.34%)
  9. «Հանրապետություն» կուսակցություն — 26 236 ընտրող (11.32%)
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն — 1282 ընտրող (0.55%)
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 4174 ընտրող (1.8%)
  12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն — 2348 ընտրող (1.01%)
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն — 8425 ընտրող (3.64%)
  14. «Մայր Հայաստան» դաշինք — 35 739 ընտրող (15.43%):

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց, որ իր համար այսպիսի արդյունք «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում սպասելի էր, քաղաքական մյուս ուժերի մասնակցության մասով նրանց մեծամասնությունը չհաղթահարեց 4 տոկոսը, մասնակիցների ցածր ցուցանիշն էր մտահոգիչ, գուցե օրվա ընտրության հարցում էր խնդիրը, գուցե քաղաքական ուժերը չկարողացան հետաքրքրություն առաջացնել ընտրողների մոտ։

«Ինձ համար անակնկալ էր «Հանրային ձայն» կուսակցության գրանցած արդյունքը, տեսնենք և սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Տեսականորեն չի կարելի բացառել նոր ընտրությունների հավանականությունը: «Հանրային ձայնը» կարծես թե արդեն հայտարարություն է տարածել իր մասով, որ պատրաստ է կոալիցիա կազմել Հայկ Մարությանի և մերձքոչարյանական ուժի հետ, արձագանքներ առայժմ չկան։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու չի նշվում «Հանրապետություն» կուսակցության մասին, նրանք դեռևս որևէ հայտարարություն չեն տարածել, «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցությունն էլ է լռում»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով հնարավոր կոալիցիաների մասին՝ քաղաքագետն ասաց, որ ուժերն իրենց  համար գուցե պայմանավորվեն, բայց իր համար՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, ով մտահոգ է մայրաքաղաք Երևանի ճակատագրով, առնվազն կարծում է, որ նոր ընտրությունների հնարավորություն կարելի է դիտարկել։

«Իսկ այդ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» գուցե վերլուծություններ անի, հետևություններ անի, ընդհուպ նոր ընտրություններին չմասնակցի, նոր ուժերին հնարավորություն տա նոր գաղափարներ առաջ քաշել: Հիմա ևս ՔՊ-ն կարող է քաղաքապետարան անցած ուժերին այդպիսի առաջարկ ներկայացնել այլընտրանքային երրորդ քաղաքական ուժի, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ քաղաքը նրա կառավարմանը հանձնել։ Այսինքն՝ թող ուժերն իրենք քննարկեն որոշեն, իսկ հանրությունը դրա դատավորը կլինի»,- հավելեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ  «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը Երևանի ավագանու կազմում բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմելու համար։
Նա հայտարարել է, որ դեմ չէ պաշտպանել Հայկ Մարությանի կամ Անդրանիկ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն որոշ նախապայմաններով, օրինակ՝ չպետք է լինի կոռուպցիա, վերահսկողական ֆունկցիաները հանձնվեն իրեն, իսկ ինքը ստանձնի «սանիտարի» դերը։

Դիմելով Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին՝ նա նշել է. «Դուք ընդունո՞ւմ եք իմ հայտարարությունը, սեղմո՞ւմ եք իմ ձեռքը», և հայտարարել է, որ սպասում է երկու կուսակցությունների արձագանքին՝ իր առաջարկի վերաբերյալ։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում