Ավստրիական OMV էներգետիկ խումբն օրգանական քլորիդով աղտոտվածություն է հայտնաբերել իր նավթավերամշակման գործարաններ մատակարարվող ադրբեջանական հում նավթի բեռներում։ Այս մասին հայտնել է ընկերությունը, գրում է Reuters-ը։ Անցյալ շաբաթ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ադրբեջանական հում նավթի բեռներում հայտնաբերվել էր օրգանական քլորիդային աղտոտում, ինչը գների տարբերությունը հասցրել է չորս տարվա ամենացածր մակարդակի և Թուրքիայի Ջեյհան տերմինալից բեռնափոխադրումների մի քանի օրվա ուշացումների պատճառ դարձել։ Իր հայտարարության մեջ OMV-ն նշել է, որ աղտոտված նավթը հայտնաբերվել է իր որակի վերահսկողության ընթացակարգերի միջոցով։ Այն չի հասել իր վերամշակման գործարաններ, գործողությունների կամ շուկա վառելիքի մատակարարման խափանումներ չեն եղել։ OMV-ն հայտարարել է, որ աշխատել է այլ աղբյուրներից այլընտրանքային նավթ ապահովելու ուղղությամբ՝ «վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու» համար, սակայն չի պարզաբանել, թե ինչ է նախատեսվում անել աղտոտված ադրբեջանական նավթի հետ։ Օրգանական քլորիդներն օգտագործվում են արդյունաբերության մեջ՝ նավթի արդյունահանումը բարելավելու համար՝ նավթահորերը մաքրելու և հում նավթի հոսքը արագացնելու միջոցով, սակայն այդ միացությունները պետք է հեռացվեն նախքան նավթի խողովակաշարեր մտնելը։ OMV-ն նշել է, որ մեծ կոնցենտրացիաների դեպքում դրանք կարող են վտանգ ներկայացնել վերամշակման գործարանի սարքավորումների համար։ Իտալական Eni-ն անցյալ շաբաթ Reuters-ին հայտնել էր, որ իր նավթային համակարգերում արդեն հայտնաբերել է օրգանական քլորիդային աղտոտվածություն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/917241.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR7-B5F4HOUZ_h—yYr1pSvJxRIQIKvO0yqKLkSjnAa9sEMCyJa3msKaZhk7Eg_aem_GH2PItH81NG23_EE9Lnp8g
© factor.am
