Սեպտեմբերին ծրագրվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստան։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտնել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով, Մարթա Կոսի այցի ընթացքում մասնավորապես քննարկվելու է «Հայաստանի դիմակայունության և աճի» 270 մլն եվրո բյուջեով ծրագրի իրականացումը, և թե ինչպես Հայաստանը կարող է օգտվել Եվրոպական միության կապակցվածության օրակարգից։
«Աշխարհում քիչ են այն երկրները, որտեղ ԵՄ-ն վերջին մի քանի տարիների ընթացքում մեծացրել է իր հանձնառությունը։ Անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարած «Հայաստանի դիմակայունության և աճի» 270 մլն եվրո բյուջեով ծրագիրը ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման զգալի աճի մասին է վկայում»,- ասել է դեսպանը։
Մարագոսի խոսքով՝ այս ծրագիրը Հայաստանում ԵՄ ներգրավվածության հիմնական տարրերից է: Դեսպանի կարծիքով Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա։
«Մենք ձգտում ենք այնպիսի արդյունքների հասնել, որոնք դրական կազդեն Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա: Մենք աջակցում ենք բարեփոխումների իրականացմանը, աջակցում ենք փախստականներին, ինչպես նաև գործողությունների, որոնք երկիրը մոտեցնում են ԵՄ-ին՝ դրա չափորոշիչներին համապատասխանելու և մոտարկելու միջոցով»,- նշել է դեսպանը:
Հիշատակելով Հայաստանի Ազգային ժողովում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի ընդունումը, դեսպանը նշել է, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ շարժվելն արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է տալիս։
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կարգավորումը Եվրամիության հանձնառությունն է: Եվ, իհարկե, անդամակցությունը նույնպես հնարավոր է: Ինչպես գիտեք, դա սկսվում է դիմումից: Դա, իհարկե, պահանջում է, որ երկու կողմերն էլ առաջ մղեն իրենց կամքը այս հարցում։ Անդամ պետությունների լիակատար, միաձայն աջակցությունը նույնպես շատ կարևոր է: Սա գործընթաց է, որը շատ ջանքեր է պահանջում: Ինչպես արդեն նշեցիք, հայ ժողովուրդը, ըստ էության, գիտի, թե որքան ջանքեր է դա պահանջում»,- նշել է դեսպանը։
ԵՄ դեսպանի խոսքով՝ հունիսի 29-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան մի շարք նոր հնարավորություններ է բերել։
«Վերջերս համաձայնության եկանք սևծովյան ռազմավարության շուրջ, որը նոր հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցությունում նույնպես առաջընթաց կա։ Արդեն նշեցի Հայաստանում Եվրամիության առաքելության մասին, բայց նաև սկսել ենք պաշտպանության և անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ, և Հայաստանն արդեն օգտվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից»,- նշել է դեսպանը։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի կարծիքով, սրանք հնարավորություններ են, որոնց իրականացումը փաստացի կախված է երկու կողմերից, մասնավորապես՝ Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի կարողությունից՝ օգտվելու այդ հնարավորություններից։
