Դերասան Դավիթ Աղաջանյանը չորս տարվա դադարից հետո կրկին վերադարձել է մեծ էկրան՝ մասնակցելու Kinodaran-ի նոր՝ «Ռաունդ» ֆիլմի նկարահանումներին։
Վերադարձի ու նոր ֆիլմի նկարահանումների մասին դերասանն առաջին մանրամասները պատմել է Tert.am Life-ին:
Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ Kinodaran-ը այսօր ֆիլմարտադրության ոլորտում որակական մեծ փոփոխություն է բերել և հենց դա էլ դարձել է նրա վերադարձի գլխավոր խթանը․ «Շատ լավ որակ է ձևավորվել, ու երբ պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանից ստացա առաջարկը, չհրաժարվեցի», -նշեց Դավիթ Աղաջանյանը։

Ֆիլմում դերասանը մարմնավորում է բռնցկամարտի աշխարհի չեմպիոնի կերպար, որի համար չորս ամիս պարապել է բռնցկամարտ։ «Ֆիլմը և՛ սպորտի, և՛ կյանքի մասին է։ Չորս ամիս պատրաստվել եմ՝ բոքս պարապելով։ Քանի որ երիտասարդ տարիներից սպորտով եմ զբաղվել, դա ինձ համար ավելի հեշտ և հաճելի գործընթաց էր»,-նշեց դերասանը։
Դավիթի խոսքով՝ ֆիլմում ներկայացված են երկու տարբեր հերոսների ճակատագրեր․ «Մեկը դառնում է սպորտի աշխարհի չեմպիոն, մյուսի կյանքը գնում է այլ ուղղությամբ։ Չեմ ուզում շատ մանրամասներ բացել, որ դիտողին հետաքրքիր լինի», -ընդգծեց նա։

Դավիթ Աղաջանյանն անկեղծացավ, որ նկարահանման հրապարակ վերադառնալուց հետո նկատել է զգալի զարգացում՝ թե՛ մասնագիտական, թե՛ մոտեցման տեսանկյունից․
«Չորս տարի անց, երբ վերադարձա նկարահանումների, զգացի, որ պրոֆեսիոնալիզմն ավելի է աճել։ Շատ հաճելի է աշխատել Kinodaran-ի թիմի հետ»: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին՝ դերասանը նշեց, որ պատրաստ է նոր նախագծերի․
«Հնարավոր է, ինչո՞ւ չէ։ Լցված եմ վերադարձել»:
Դավիթ Աղաջանյանը շարունակում է նաև իր բիզնես գործունեությունը՝ այն համադրելով ստեղծագործական վերադարձի հետ․ «Բիզնեսը զուգահեռ է գնում, մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում»,- հավելեց նա։
Անդրադառնալով իր և Աննա Դովլաթյանի ամուսնալուծությանը՝ Դավիթ Աղաջանյանը նշեց, որ անձնականի մասին չի ցանկանում խոսել:




