Նույնիսկ «Գուգլ»-ն է կորցրել հաշիվը, թե քանի անգամ է Իշխան Սաղաթելյանը «գնալու ենք մինչեւ վերջ», «Նիկոլ, քեզ հաշված օրեր են մնացել» խոստում-սպառնալիքը տեղացել

Նույնիսկ «Գուգլ»-ն է կորցրել հաշիվը, թե քանի անգամ է  Իշխան Սաղաթելյանը «գնալու ենք մինչեւ վերջ», «Նիկոլ, քեզ հաշված օրեր են մնացել» խոստում-սպառնալիքը տեղացել։

«Մի բան եմ ձեզանից խնդրում՝ այս օրերին տեմպը պահեք, եթե սա պահենք ու ավելացնենք, նրանք չեն դիմանալու։ Գնալու ենք մինչեւ վերջ», -օրերս տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է փոշիացած, հալումաշ եղած  «Դիմադրության շարժման» կազմակերպիչ Իշխան Սաղաթելյանը, որը, կարծեք, կրկին հավակնում է հագնել  «Մոնամախի ծանր «գդակը»։  Ինչպես ասում է ժողովուրդը՝ «սովոր ջան է», մի անգամ գլուխն արդեն դրել է ցավոտ ավետարանի տակ, եւս մի անգամ էլ կդնի՝ Կրեմլից ուղարկված  «կանչի» շրջանակներում։

Համոզված ենք, որ Սաղաթելյանի վերոհիշյալ խոստում-սպառնալիքը ընթերցողն ու լսարանը առաջին անգամ չէ, որ լսում է, եւ ոչ նույնիսկ՝ 11-րդ անգամ, ու կորցրել է նախկինում եւս հարեւնման տեքստեր, ճառեր ու «կանչեր» լսած լինելու  հաշիվը։

Մենք մի քանի «բանալի» բառերով փնտրում իրականացրինք «Գուգլ» որոնողական համակարգում եւ, ո՜վ զարմանք, անգամ «նորին ամենագիտություն» այս համակարգն է կորցրել հաշիվը, թե Սաղաթելյանը նույն միտքը քանի անգամ է կրկնել տարբեր ժամանակներում։

Կար ժամանակ, օրինակ, երբ ընկեր Իշխանը «Հայրենիքի փրկության շարժման» առաջամարտիկներից էր ու 2020-ի դեկտեմբերի 15-ին խրոխտ ազդարարում էր՝ «Խոստանում եմ, որ Նիկոլին հաշված օրեր են մնացել, Նոր տարին առանց Նիկոլի»։ Բայց, ինչպես դեպքերը ցույց տվեցին, ոչ միայն Նոր տարին Նիկոլով դիմավորեցինք, այլեւ նոր տարում՝ 2021-ի հունիսին, Նիկոլի նշանակած ընտրությունները տեղի ունեցան, որի արդյունքներով Սաղաթելյանը թեեւ չհասավ իր նպատակին՝ Նիկոլին հաշված օրերին ընթացքում «տուն ուղարկելուն»,  բայց  մանդատի տեր դարձավ, եւ  «դուխավորվեց» այնքան, որ 2022-ին արդեն որոշեց ստանձնել մի նոր՝ «Դիմադրության շարժման» առաջնորդությունը, Քոչարյանի «կանչով» մարդկանց դուրս հանել փողոցներ, քանի որ ԱԺ-ի նիստերի դահլիճը մի տեսակ նեղ ու ճնշող էր Սաղաթելյանի պես ազատատենչ ու միաժամանակ  հեղափոխական  դաշնակցական  հոգու համար։

«Գնալու ենք մինչեւ վերջ, հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը»,- 2022-ի ապրիլի 23-ին խրոխտ սպառնաց Սաղաթելյանն ու լարեց  «լաոյին» զարթնեցնելու զարթուցիչը։ Լաոն, սակայն, չէր շտապում զարթնել, Իշխան Սաղաթելյանի քաղաքական բառապաշարը սկսում էր սպառվել,  ու նա հաջորդիվ կրկին ստիպված էր կրկնել քանիցս կրկնածը․ «Շարունակում ենք մեր պայքարը։ Դուք հաղթանակին էնքան մոտ եք, որ չեք պատկերացնում։ Էդ ՔՊ-ները իրանց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք, դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը Նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»,- մայիսի 4-ին ազդարարեց ընկեր Իշխանը՝ կոչ անելով մարզերում շարունակել տեղական բողոքի ակցիաներ և ցույցեր իրականացնել, իսկ վերջում էլ ․․․ մի հատ «տուշ»՝  «իշխանություններին հաշված օրեր են մնացել»։

«Նիկո՛լ, դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից, դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից, դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի այս ոստիկանական ուժերից։ Ուժային ողջ պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը, վստահեցնում ենք քեզ, չի՛ ստացվելու։ Իմացի՛ր, քեզ քիչ հաշված օրեր են մնացել»,- ասում էր տեղում դոփող ու իշխանափոխության մատույցներին այդպես էլ չհասնող Սաղաթելյանն արդեն մայիսի 13-ին։

«Մի հատ նայի՝ քանի վարչապետ է եկել քո հետևից, դու պետք է գնաս։ Դու մի ճանապարհ ունես, հեռանան արագ և անցնցում։ Դու պետք է հեռանաս անարյուն, դու պետք է հեռանաս և վերջ։ Մի պահ մտածում են, որ ժողովուրդը կհոգնի։ Դուք չեք պատկերացնում ինչքան շատ եք, հայ ազգը ոտքի է կանգնել։ Այս պայքարն անկոտրում է։ Իմացի, որ դու ոչինչ ես, իսկ միջազգային հանրությունը թող տեսնի՝ իշխանությունը փողոցում է։ Վստահեցնում եմ՝ հաշված օրեր են մնացել»,- քոռ ու փոշման ազդարարում էր  Իշխան Սաղաթելյանը մայիսի 21-ին․․․

Թե ինչպես ավարտվեց «Դիմադրության շարժումը»՝ ժողովուրդը լավ է հիշում, այո, պարոն Սաղաթելյանն ու մյուս դիմադրողականները աշնանը՝ ցրտերն ընկնելուն պես, ոչ թե մտան իրենց պայքարի արդյունքում վաստակած՝ Կառավարության կաբինետները, այլ վերադարձան ԱԺ–ի իրենց բազկաթոռներին  ու երկար ժամանակ ծպտունները դուրս չէր գալիս,  փողոց դուրս գալու թեման, կարծեք,  փակել էին, մինչեւ որ Մարգարիտա Սիմոնյանն ու մյուս «ասիչները» չիջեցրին իրենց  համապատասխան դիրեկտիվաները․․․․

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Չարենցի բանաձեւած այս մարգարեական  ճշմարտությունն, անշուշտ, մոտիվացնող է  ու ենթակա չէ  վիճարկման, սակայն ընթերցողի թույլտվությամբ  մեզ իրավունք վերապահենք մի լրացում անել․ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»  ու քեզ ապուշի տեղ դնող,  մոլորեցնող, «խալխի եզան սայլին լծել» փորձող  քաղաքական դիակներին հավաքական ուժով  «հողին հանձնելու» մեջ։

Հ․Մ․

 

Աղբյուրը՝

https://civic.am/politics/102332—.html?fbclid=IwAR1pI0LYGGCTsQJmktyA3kvKQ6JcaiNdqylJIw_i9Zx_GqrqUnCggeaqJ68

Կիսվել սոց․ ցանցերում