Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հшղթողներ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում:

Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500 մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:

Հայ մարզիկներին պարգևատրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.21 մ արդյունք և միջազգային ասպարեզում անձնական ռեկորդ է սահմանել՝ լրացնելով սպորտի վարպետի նորման:

Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը մասնակցել են նաև վազորդներ Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությունյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը: Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, որն օրերս արծաթե մեդալակիր է դարձել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, սակայն վատառողջ լինելու պատճառով Աղասյանը բաց է թողել Բելգրադում անցկացված առաջնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում