Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից անցել է 40 տարի։ Սա միջուկային էներգետիկայի պատմության ամենամեծ աղետն է։ Ռադիոակտիվ աղտոտումը այն ժամանակ ընդգրկել էր Եվրոպայի երեք քառորդը։ Չորրորդ էներգաբլոկում պայթյունները տեղի էին ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը։ Ռեակտորը ամբողջությամբ ավերվել էր, և ներսում մնացել էր մոտ 200 տոննա միջուկային վառելիք։ Հրդեհը շարունակվել էր 10 օր և տարածվել էր նաև երրորդ էներգաբլոկի տանիք։ Վնասված չորրորդ բլոկից սկսվել էին ռադիոակտիվ արտանետումները։ Առաջին շաբաթների ընթացքում ճառագայթային հիվանդությունից մահացել էր 31 լիկվիդատոր։
Վթարի մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել էր միայն 36 ժամ անց։ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ այդ մասին կարճ տեղեկություն էր հաղորդվել միայն չորս օր անց։ Չնայած ճառագայթմանը՝ Կիևում չէին չեղարկել մայիսի 1-ի ցույցը, որին մասնակցել էին հարյուր հազարավոր մարդիկ։ Մոսկվան վթարը պաշտոնապես ընդունել էր միայն միջազգային արձագանքից հետո։
Վթարի հետևանքների վերացումը տևել էր 206 օր, և դրան մասնակցել էր շուրջ 600 հազար մարդ։ Նրանք մաքրում էին բեկորները, մարում ռադիացիայի օջախները և կառուցում առաջին բետոնե սարկոֆագը ավերված ռեակտորի վրա՝ ստանալով բարձր չափաբաժնի ճառագայթում։
Չեռնոբիլի ԱԷԿ-ի շուրջ 30 կմ գոտուց տարհանվել էր մոտ 350 հազար մարդ, սակայն տարհանումը սկսվել էր միայն 9-րդ օրը։
