ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ո՞ւմ համար են ղողանջում Կրեմլի զանգերը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին սպառնացել են Հայաստանին ու ստել․
Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը (այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, և այն ընդգրկվել է ԱԺ մեծ օրակարգում) համարել է «չափազանց թշնամական» որոշում Ռուսաստանի հանդեպ, իսկ ԱԳՆ «դիվանագիտական աղբյուրը» սպառնացել է, որ դա «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»:
Պեսկովը ստել է, թե իրենք «ծանոթ չեն Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի առաջարկած լուծման մասին առաջարկի մանրամասներին», իսկ ԱԳՆ-ն ստել է, թե «Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր հարմար լինել երկու կողմերին։ Ցավոք սրտի, դա հաշվի չառնվեց, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացվեց հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական ազդեցությունն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»…
Իրականությունն այն է, որ իսկապես Երևանը ամիսներ առաջ պատվիրակություն է գործուղել Ռուսաստան ու վերջինիս ներկայացուցիչներին փոխանցել, իբրև թե, Կրեմլին անհանգստացնող խնդրի արտակարգ լուծում, որը Հայաստանն ունի նաև ԱՄՆ-ի հետ, ով նույնպես չի վավերացրել Հռոմի ստատուտը…. Այդ լուծմանը գնալու դեպքում Ռուսաստանը մազաչափ անգամ մտահոգություն չէր ունենա այն խնդրով, որով փորձում է Հայաստանին կանխել վավերացումից:
Ազգային ժողովում հարցը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանն էլ հաստատել է, որ առաջարկված լուծման դեպքում ՌԴ նախագահ Պուտինը կարող էր ստանալ նույնպիսի նախագահական իմունիտետ, ինչպիսին ունեն ԱՄՆ պաշտոնյաները…. Եղիշե Կիրակոսյանը մասնագիտորեն բացառել է Հայաստանի տարածքում Պուտինի ձերբակալման հեռանկարը, նաև հայտնելով, որ «Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»:
Այսպիսով, Ռուսաստանի իշխանությունները բարձրագույն մակարդակով համաձայնել են Երևանի հետ քննարկել խնդիրը, ստանալ հավաստիացումներ, որ դա ՌԴ նախագահի դեմ Ուկրաինայում գործված հանցագործությունների հետ կապ չունեցող գործընթաց է, մանավանդ որ այն սկիզբ է առել ավելի վաղ /2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո/, քան Հաագայից հետախուզման օրդեր կտրվեր /2023-ի գարուն/, և առաջարկել է լուծումներ, որոնք իսպառ փարատում են Ռուսաստանից հնչող կեղծ մտահոգությունները… Հայկական պատվիրակությունը գնում է Մոսկվա, փոխանցում պատրաստված լուծումը ու ….. ամիսներով սպասում պատասխանի, որը չկա ու չկա….
Այժմ, ՌԴ ԱԳՆ ստում է, թե «Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր հարմար լինել երկու կողմերին»… Այն դեպքում, երբ հայկական պատվիրակության լուծումն ստանալուց հետո ասել են՝ վերադարձեք Երևան, մենք կպատասխանենք…. Ու պատասխանում են մինչև օրս….
Գիտեք, թե ինչից է երևում Մոսկվայի սուտը… Որ Երևանից Եղիշե Կիրակոսյան անուն ազգանունով կոնկրետ մարդ է ասում, որ առաջարկությունը ամիսներ առաջ փոխանցել են ու պատասխան չեն ստացել, իսկ Մոսկվայից «անանուն դիվանագետ» է հայտնել, թե իբր «փոխզիջումային տաբերակ են առաջարկել»: Ռուսական կողմը անանուն է, որովհետև մինչև օրս ոչինչ չեն առաջարկել….
Եվ հիմա ամենավտանագվորը. «ՌԴ ԱԳՆ-ն և իր անանուն դիվանագետը» հույս են հայտնել, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «չեն հաստատի Հռոմի ստատուտի վավերացման թունավոր որոշումը»։
Այսինքն, հրապարակավ հանձնարարել են ԱԺ ընդդիմությանը, որն այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովում չի մասնակցել հարցի քննարկմանը, գնալ ԱԺ և վիժեցնել պայմանագրի վավերացումը:
Արցախի հայաթափման 10-ամսյա համատեղ «Օղակ» գործողության և Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի կապերը
Բայց հիմա ամենահետաքրքիրը և ամենասարսափելին.
հիշո՞ւմ եք, թե նույն խորհրդարանական ընդդիմությունը Փաստաբանների պալատի որոշ անդամների ու մի դատավորի մասնակցությամբ երբ պլանավորեց ու սկսեց հարձակումը դեկտեմբերի 16-ից ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնող Սեդա Սաֆարյանի դեմ… Այո, հենց դեկտեմբերի սկզբից: Այո, այդ հարձակումն սկսվեց սինխրոն նրա հետ, երբ դեկտեմբերի 12-ին ռուս-ադրբեջանա-«էկոակտիվիստներով» փակվում էր Լաչինի միջանցքը՝ Արցախը օղակելու, թուլացնելու, ապա էթնիկ զտման ենթարկելու մեզ հայտնի ողբերգական արարը…
Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախի կազմակերպված հայաթափման ռազմա-աշխարհաքաղաքական օպերացիան սկիզբ է առնում հենց այդ պահից՝ դեկտեմբերից, ու ով ով, բայց Մոսկվայում լավ գիտեին, որ Հռոմի ստատուտը տարածվում է ոչ միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա…. Որ այդ ամենը տեղի էր ունենալու ի խախտումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ու մի գոտում, որը միջպետական փաստաթղթով կոչվում է «ռուսական պատասխանատվության գոտի»…. Այսինքն՝ էթնիկ զտման, կոտորածի համար պատասխանատվության խնդիր կարող է ծագել ոչ միայն Ալիևի համար…. Բայց, իհարկե, առաջին հերթին Ալիևի համար…
Իսկ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում վերջին փորձագիտական ու այլ քննարկումներն էին ընթանում Հռոմի Կանոնադրության վավերացման նպատակահարմարության մասին. քննարկումներ, որոնք սիզբ էին առել 2022-ի աշնանը՝ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական ագրեսիայից հետո…
Այնուհետև ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց ու ուղարկվեց ՍԴ կարծիքի: Իսկ դուք գիտեք, որ հունվարին, երբ այդ հարցն էր զեկուցման պատրաստվում ու աշխատակարգային որոշմամբ ընդունվում, հենց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ արշավի սաստկացման փուլն էր, որին լծվել էին Թագուհի Թովմասյանի, Սաթիկ Սեյրանյանի ու այլ հանրահայտ կայքեր, ձեզ հայտնի բոլոր դերակատարներով՝ «Պատիվ ունեմ» կուսակցության քաղխորհրդից…. Եթե ժամկետներն ուզում եք ստուգել, մտեք ՍԴ կայք ու ստուգեք, թե հունվարից-փետրվար ինչ պայմանագրերի վերաբերյալ ՍԴ որոշման նախագծեր են հաստատվել ՍԴ-ում….
Այդ նույն ընթացքում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ է մտցվում ՍԴ դատավորի հարցը ու տապալվում են. հանձնաժողովը անպատկերացնելի սպառիչ փակում է հարցը: Այնուհետև հանձնաժողով է հրավիրվում Եղիշե Կիրակոսյանը՝ փարատելու համար ԱԺ ընդդիմության կասկածները ու հըթնացս ներկայացնելու միջազգային այլ դատարաններում ՀՀ ներկայացրած հայցերի հեռանկարները… Եվ ի՞նչ է տեղի ունենում այդ նիստում՝ ՀՅԴ-ական պատգամավորը տմարդի մետաղական իրով հարվածում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի դեմքին ու նիստը ձախողում…
Այդ նույն շրջանում Հաագայի մեկ այլ դատարան՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունում՝ ապօրինի ճանաչելով Լաչինի միջանցքի փակումը ու պահանջում բացել այն ոչ միայն հումանիտար, այլ նաև կոմերցիոն փոխադրումների համար…
Չնայած այս ամենին՝ ՍԴ ընդունում է Հռոմի կանոնադրության՝ ՀՀ սահմանադրության համապատասխանության որոշումը:
Միջանցքը շարունակվում է փակ պահվել, բայց դերակատարներն ավելի ու ավելի են հասկանում, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում իրենց դատարանում հիշեցնելու են, որ ժամանակին պահանջվել է միջանցքը բացել էթնիկ զտման ու կոտորածի չհասցնելու համար…. Ռուսաստանն սկսում է «լղոզել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե, իբր, պրահյան հանդիպումից հետո բան է փոխվել՝ այլևս ռուսները որևէ պատասխանատվություն չունեն, և ինչպես էթնիկ կոտորածի համար Պեսկովն ասեց՝ Ադրբեջանն ինչ անում է, իր տարածքում է անում…. Պարզապես չէին կարողացել Հայաստանին ետ կանգնեցնել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացից, որը տարածվելու էր Նոյեմբերի 9-ի հայտարարության վրա, Լաչինի միջանցքի բացման ՄԱԿ դատարանի որոշման կիրառումով, իսկ դրա հիմքում Ռուսաստանի նախագահի ստորագրությունը պարունակող եռակողմ հայտարարության մեջ ամրագրված Լաչինի միջանցքն է՝ ռուսական պատասխանատվության գոտին, հավելած Արցախը որպես ռուսական պատասխանատվության գոտի, որի էթնիկ զտման 10-ամյա օպերացիան պետք է ավարտվեր հայաթափմամբ….
Իրականում, ռազմական գործողությունների վերսկսման առավել մեծ ռիսկային շրջաններից մեկը ամառն էր, բայց Արևմուտքը հայ-ադրբեջանական հանդիպումների մի խիտ գրաֆիկ է նշանակում, հետաձգելով այն… Այդուհանդերձ օգոստոսից ավելի տեսանելի է դառնում ոչ միայն Արցախի սահմանագծի երկայքնով, այլ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագծով ռազմական տեխնիկայի ու զինուժի կուտակումները…
Որպեսզի հետագա զարգացումների պատասխանատվությունը գցեն հայերի վրա, ռուսական թևով իշխանափոխություն է իրականացվում, ինչը դառնում է Ալիևի էթնիկ զտման գործողության ձգանը… Այդ գործողության մեջ ներքաշում են հենց Հայաստանի 2-րդ, 3-րդ, Արցախի 2-րդ, 3-րդ նախագահներին ու Ռուբեն Վարդանյանին… Պետք էր, որ աղետի պատասխանատվությունը ստանձնի հայկական կողմը, թեկուզ Արցախում, որովհետև պրահյան պայմանավորվածությունների վրա մեղքը բարդելը ոչ հայ հասարակությանն էր համոզում, ոչ էլ Հաագայի քրեական դատարանում է համոզելու… Անգամ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում Ադրբեջանն իրավունք չուներ…
Հայաստանի նախկին իշխանությունները թույլ են տալիս, որ իրենց ներքաշեն այս մեծ մեղքի պատասխանատվության տակ, քանի որ նրանց նշանակած իշխանությունը նախ ստորագրում է կապիտուլյացիայի, այսօր էլ՝ պետականության լուծարման պատասխանատվությունը….
Ու այժմ, հենց ՀՀ 2-րդ, 3-րդ նախագահները, եթե չհասկանան այս ամենը, իրենց պատգամավորներին ուղարկեն Հռոմի կանոնադրությունը վավերացնելու վիժեցման առաջադրանքով, ապա թող հիշեն՝ չի ստացվելու, բայց ստանձնելու են Ալիևին միջազգային քրեական պատասխանատվությունից ազատելուն, ավելին՝ վերջնահաշվում իրենց վրա է մնալու Արցախի կորստի համար իրավաքաղաքական պատասխանատվությունը, այն դեպքում երբ իրենց վերջին պահին ներքաշել են այս խաղի մեջ ու մեղադրանքը կախել գլավերևում….
Ես գիտեմ, որ ԱԺ-ն վավերացնելու է համաձայնագիրը: Ամենահետաքրքիրը նա է, թե ով է ԱԺ գալու Ռուսաստանի ԱԳՆ հանձնարարությունը կատարելու, ըստ որում՝ հանուն Ադրբեջանին պատասխանատվությունից ազատելու…
