ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ, ծնունդով արցախցի Սերժ Սարգսյանը այսօր, երբ հայտնի դարձավ, որ ընդամենը շաբաթներ առաջ ընտրված Արցախի նոր նախագահը հրաման է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին, դատարանի բակում՝ «ոտքի վրա» ռեժիմում, որոշել է մի «երկու խոսք» ասել…
Ոչ, այդ խոսքերը Արցախը «պատմական հայրենիք դարձնելու», կորցնելու, լուծարելու, հանձնելու, այսինքն՝ անվերապահ կապիտուլյացիայի մասին չէին, այդ խոսքերում ցավ ու կսկիծ չկար տեղի ունեցածի, դրանում ունեցած անձնական ներդրման կամ ուղղակի և անուղղակի մասնակցության մասին։ Այդ խոսքերը նվիրված էին աստվածաշնչյան հայտնի ճշմարտության բարձրաձայնմանը՝ «հուսահատությունը մեղք է»։ Պարզվում է՝ այս խառնակ ու դրամատիկ ժամանակներում ՀՀԿ նախագահը իր կուսակցական ընկերներին երեկ չէ առաջին օրը (հատուկ է շեշտում օրը, որպեսզի ցույց տա, թե այսօր հանրայնացված հրամանի մասին՝ Արցախի լուծարման վերաբերյալ, երեկ չէ առաջին օրը տեղյալ չէին) հավաքել ու գործադիրի նիստ է անցկացրել, որի ժամանակ, ուշադրություն, «մեկ անգամ ևս միաձայն եկել ենք ընդհանուր եզրակացության, որ հուսահատությունը մեղք է, որ այդ ճշմարտությունը մեզ համար եղել ու այսօր էլ մնում է շատ արդիական»։ «Յա, իրո՞ք»,-նման իրավիճակում ճիշտ այսպես կարձագանքեր նույն Սերժ Սարգսյանը, նախկին իշխանության նիստի կուսկազմի օրակարգում, փաստորեն, քրիստոնեական ուղերձները քննության առնե՞լն է:
Փաստորեն, Արցախի լուծարումից առաջ լուծարվել է նաև ՀՀԿ-ն և վերակազմակերպվել որպես հանրությանը հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն էլ այլևս ոչ թե քաղաքական գործիչներ են, որոնք առնվազն 10 տարի վարել են ՀՀ արտաքին քաղաքականությունն ու բանակցել են Արցախի հարցով, այլ… սփոփիչներ ու մխիթարիչներ։
Հոգեթերապևտի խալաթ հագած նախկին նախագահն, ի դեպ, այսքանով չի սահմանափակվել և, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք հուսահատությունը մեղք է ասելով նկատի ունի, որ հայկական Արցախի էջը շրջված չէ՞, ազդարարել է. «Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ թեև հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ բոլորս միասին մարդկանց փորձենք բացատրել այս ճշմարտությունը»։ Ի դեպ, երբ Սերժ Սարգսյանն այս հանճարեղ համեմատությունն էր անում, նրան շրջապատած համակիր-աջակիցները լարվել էին, ու դեմքներին այնպիսի արտահայտություն էր, որը վերծանելու դեպքում այսպես կհնչի՝ «շեֆը ադեկվատ ա՞, ի՞նչ ա դուրս տալիս»։
Ի՞նչ հպարտության մասին էր խոսում Սերժ Սարգսյանը ու այն ավելի ծանր մեղք համարում, քան՝ հուսահատությունը, ինչի՞ համար էր հպարտ, այժմ էլ՝ հուսահատ։ Հպարտ էր, որ ՀՀ-ում իշխանության գալու համար Արցախի խնդրի լուծո՞ւմն էր որպես պատրվակ օգտագործում, հպարտ էր, որ իշխանությունը վերցնելուց հետո մտածում էր ստատուս քվոն պահելու մասին և այդ ընթացքում բանակը չզինելու, չարդիականացնելու, պատերազմի չպատրաստվելու մասի՞ն, հպարտ էր, որ չտեսնելու ու չլսելո՞ւ էր տալիս Ալիևի այն պնդումը, թե Արցախի հարցը կլուծի ռազմական ճանապարհով, հպարտ էր, որ միջնորդ երկրների աչքում ապակառուցողական բանակցող էր, իսկ ՀՀ-ն և անձամբ ինքը՝ կառուցողակա՞ն, հպարտ էր, որ հայ հասարակությանը իշխանական պրոպագանդան կերակրում էր տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենալու մասին ռազմահայրենասիրական փուչիկո՞վ, հպարտ էր 80-ականների զենքերով կռվելու համա՞ր, հպարտ էր Ապրիլյան քառօրյայից հետո Ալիևի՝ ներքին լսարանի առաջ արված հայտարարությա՞մբ, թե՝ «փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, բայց դա երբեք տեղի չի ունենա»… է՞լ ինչի համար և ինչի վրա էր հպարտ պարոն Սարգսյանը։ Գուցե այն բանի, որ կարողացավ պլստալ 44-օրյա պատերազմի արյան պատասխանատվությունն անձամբ կրելո՞ւց, ու հիմա էլ մեղք է գործում՝ հուսահատվում է, քանի որ Արցախը հանձնվեց իր՝ արցախյան պայքարի ընկեր, Արցախի նախկին նախագահների ձեռամբ ու գիտությա՞մբ…
Սերժ Սարգսյանն, ի դեպ, դեռ 2018 թ. հունվարին ԵԽԽՎ-ում նորից հպարտ էր՝ հպարտությամբ հայտարարում էր, թե կատարել ենք ԵԽ-ի առջև ստանձնած ժողովրդավարական հիմնական հանձնառությունները, և չշրջանցեց նաև մեզ տանջող ու հուսահատություն ներշնչող հարցերի հարցը՝ Արցախյան հիմնահացը։ Իր ելույթում խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Սերժ Սարգսյանը շեշտեց՝ այն կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է, դրա համար անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, մինչդեռ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին՝ Սարգսյանն ազդարարեց. «Ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն Դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։
Այսօր Սերժ Սարգսյանը, որը նախքան 44-օրյա պատերազմը ի լուր ամենքի ֆիքսել էր՝ «Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը» և «խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները», իսկ պաշտոնը թողնելուց հետո էլ, որպես հիբրիդային պատերազմի ռազմիկ, միացել էր ՀՀ իշխանության դեմ քարոզչությանը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ԼՂ բանակցային գործընթացը տապալելու, «բանակցային ձեռքբերումները մսխելու մեջ», կանգնել է փաստի առաջ՝ «Ղարաբաղն առանց հայերի»։ Այս նույն Սերժ Սարգսյանն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո անվանում էր «կապիտուլյանտ», մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսված են «Լեռնային Ղարաբաղ», «շփման գիծ» եզրույթները։ Արդ, ինչի՞ մասին է Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արցախի մնացած պաշտոնյաների հովանավորյալ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի համեմատ՝ «գերագույն կապիտուլյացիայի»՝ Արցախի Հանրապետության լուծարման և վերացման։
