ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխման գործընթացին, մանրամասնել իրավիճակն ու գրել.
«Համացանցում նկարներ եմ տեսնում, որոնք վերնագրված են իրավիճակային կամ վիզուալ զգացողություններով։ Իրավիճակն իրոք ողբերգական է, սա դասական առումով գաղթ է, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով կոչվում է բռնի տեղահանում, էթնիկ զտում։ Սրանցով, սակայն, ողբերգությունը չի պակասում։
Հիմա մի քանի փոքր դետալ։
Գորիսի հաշվառման կենտրոնում արցախցի մեր հայրենակիցները նախ կարիքի գնահատում են անցնում, սնվում, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ ստանում կամ վերցնում, որքան անհրաժեշտ է իրենց։ Տեղում աշխատում են բժիշկներ, հոգեբաններ, կամավորներ, ՄՍԾ աշխատակիցներ և այլն։ Այնուհետև նրանք, ովքեր գնալու տեղ ունեն ու մեքենա, գնում են։ Վառելիքն անվճար է տրվում։ Նրանք, ովքեր չունեն, ծանոթանում են տարբեր մարզերում առկա ժամանակավոր կացարանների ինֆորմացիայի հետ։
Դրսում կանգնած են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, տաքսիներ։
Երբ լրանում են տվյալ տրանսպորտի նստատեղերը, այն ուղևորվում է որևէ համայնք։ Պրոցեսը կարող է տևել 1 ժամից մինչև մի քանի ժամ, հազար ու պատճառով՝ ընտանիքի մյուս հատվածին են սպասում, բուժօգնություն են ստանում, սնվում են, հաշմանդամություն ունեն՝ հատուկ միջոցի կարիք կա, զուգարան են գնում, այդքան օր ու ժամ մեքենայի մեջ մնալով՝ ուզում են դրսում պարզապես կանգնել, պառկեն, լաց լինեն, խոսեն, գրկախառնվեն….. մի խոսքով։
Բարձրախոսով հայտարարվում է, որ այսինչ համայնք գնացող միկրոավտոբուսը շարժվում է։ Կամավորների օգնությամբ մարդիկ նստում ու շարժվում են։
Մինչ շարժվելը՝ դրսում կամ ներսում մարդիկ հնարավոր է՝ գետնին նստեն կամ գլխակորույս ու անթարթ ժամերով նստեն ու չխոսեն, սնվեն, սրճեն, լռեն։
Նկարել իմ նկարագրածը ու անկապ վերնագրել, ճիշտ չէ։
Այո, կան մարդիկ, որ հենց հիմա էլ կացարանի կարիք ունեն։ Այդ մարդիկ հրաժարվում են մարզ գնալ՝ ընտրելով միայն Երևանը, Էջմիածինն ու Աբովյանը։ Բայց պիտի տեղ էլ լինի ախր։ Ժամերի ընթացքում սպառվել են առաջարկվող կացարանները։
Սա իրենց ընտրությունն է։
Էնպես է ստացվել, որ ՀՀ-ն մի մեծ քաղաք ունի ու շատ փոքր համայնքներ, որտեղ առաջարկվում է մնալ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ՝ մինչև վարձակալության ծրագրի մեկնարկը։
Եթե անկեղծ, ապա փոքր համայնքներում ինտեգրումն ու մարդկային ջերմությունն ավելի մեծ է, քան Երևանում։ Գուցե սուբյեկտիվ է կարծիքս։
Հայաստանը մեր մեծ տունն է՝ սահմանափակ հնարավորություններով, երեք օրում 75 հազարից ավելի քաղաքացի ընդունելն այն էլ այս պարագայում հեշտ չէ։ Ի վերջո արցախցիներն էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանն էլ առքի ու փառքի մեջ կորած չէ, պատերազմող երկիր է տարիներ շարունակ։ Մի օրի ենք բոլորս։
Դրա համար պետք չէ արհամարհել ու մեղադրանքների տարափ լցնել ոչ ոքի վրա, բարդ ու ճգնաժամային օրեր են, պիտի հաղթահարենք միասին։ Ծանր ու դաժան ապրումների մեջ գտնվող արցախցուն պետք չէ նկարել ու ասել՝ մեքենայի մեջ են քնում։ Պիտի հարցնել՝ ինչո՞ւ եք հրաժարվում Ջերմուկի հյուրանոցից, ինչո՞ւ եք հրաժարվում Կապան գնալ, ժամանակավոր մնացեք, մինչև բնակարան կվարձակալի պետությունը, կարևորը անվնաս եք, էրեխեքը ողջ են, ամեն բան կանցնի, մի քիչ դինջացեք, տուն կգտնենք ձեզ հարմար։
Ես էսպես եմ հասկանում, կարող է սխալ եմ։
Ախպոր պես, դիվիդենտ մի հավաքեք, կամ որ կոչ եք անում գալ Երևան ու տուն պահանջել, գուցե հրավիրողն էլ օգնի՞։
Շուտով վարձակալության ծրագիրը կսկսենք, վախենալու ոչինչ չկա, կանչել եք, ընդունեք։
Իսկ ազատ տուն ունեցողներին ու անռեալ վարձավճար ուզողներին մեկ հարց՝ դուք խիղճ ու աստված ունե՞ք….
Մի վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես չեք ուզենա, որ ձեզ հետ վարվեն։
Դժվար է, ծանր է, խենթանալու չափ ցավոտ է, բայց պիտի էս ճգնաժամը կառավարելի դարձնենք»։
