ՊՈւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մեկ տարի է՝ չի մասնակցում մեր հանձնաժողովի նիստերին, բայց տարբեր դատարանների դահլիճներում հարցազրույցներ է տալիս. Անդրանիկ Քոչարյան

Այսօր մինչև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն սկսելը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բացակա գործընկերներ կան, նրանցից Գեղամ Մանուկյանը զանգահարել և ասել է, որ առողջության հետ կապված խնդիր ունի, ռեաբիլիտացիոն փուլ է  անցնում, իսկ տևական ժամանակ հանձնաժողովի նիստերին չի ներկայանում ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը, աշխատակազմից վերցնելով Աբրահամյանի բացակաների թիվը, ասաց, որ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը ՊՈՒ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը չի ներկայացել հանձնաժողովի աշխատանքներին, բայց ինքը տեսնում է, որ նա տարբեր դատարանների դահլիճներում հարցազրույցներ է տալիս, սակայն վերջին մեկ տարում հանձնաժողովի  ոչ մի նիստի չի մասնակցել։

«Ես խնդրում եմ, նորից իմ անունից  տեղեկացրեք պարոն Աբրահամյանին, որ ինքը հանձնաժողովի անդամ է, որ մեր անվտանգային խնդիրները, նաև օրենսդրական խնդիրները, վերահսկողական խնդիրները իրացվում են, ՀՀ Սահմանադրության համապատասխան, մեր  հանձնաժողովի կողմից։ Իսկ տիկին Աննա Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում տեսակետ էր հայտնել, որ իր համար բարդ է մասնակցել նիստերին, որտեղ մենք ներկայացված ենք, բայց դա է ճակատագիրը, և դա է ժողովրդի քվեի պահանջը։ Այնպես որ, տիկին Գրիգորյանը մեր հանձնաժողովի անդամ է և պետք է կողմնորոշվի՝ մասնակցել կամ չմասնակցել։ Դա իր իրավունքն է, բայց դա կապել, որ հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները շատ են, դա էլի ժողովրդի քվեն է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Կիսվել սոց․ ցանցերում