Lragrogh.com լրատվականը ողջունում է այս նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։ Միաժամանակ կարևոր է, որ նախաձեռնության իրագործման ընթացքում ապահովվեն հավասար պայմաններ բոլոր շահառուների համար, իսկ գործընթացը լինի լիովին թափանցիկ, հաշվետու և զերծ քաղաքական կամ վարչական ազդեցություններից։
Փաշինյանը նոր նախաձեռնություն է քննարկել․ քաղաքացիները կարող են ֆինանսավորել ԶԼՄ-ներին, ՔՀԿ-ներին և կուսակցություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։
Նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով կկարողանան իրենց ընտրությամբ սոցիալական հատկացումներ կամ նվիրատվություններ ուղղել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին։
Ըստ ներկայացված հայեցակարգի՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու լրացուցիչ խթաններ, ամրապնդել քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը, ինչպես նաև բարձրացնել դրանց գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև, որ նոր համակարգը կարող է նպաստել քաղաքական և հասարակական ինստիտուտների զարգացմանը՝ ապահովելով ֆինանսավորման առավել բաց, թափանցիկ և հանրային վերահսկողության ենթակա մեխանիզմներ։
Խորհրդակցության ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը քաղաքացիներին հնարավորություն ընձեռելն է՝ աջակցելու իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին՝ միաժամանակ երաշխավորելով ֆինանսավորման թափանցիկությունը։ Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը վերջնական տեսքի բերել։
Հարգանքով ՝
Lragrogh.com Լրատվական
