ՄԻՊ-ը՝ բռ նի անհետացածների ճակատագրերի պարզման և ընտանիքների իրավունքների պաշտպանության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել օգոստոսի 30-ին նշվող Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

Մանասյանի խոսքով՝ բռնի անհետացումը մարդու իրավունքների ամենածանր խախտումներից է, իսկ անհետացած անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը ընտանիքներին հաճախ տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ լրջորեն անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։

ՄԻՊ-ը շեշտել է, որ անհետացած անձանց ճակատագրերի պարզումը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին դեպքերի լուծում, այլև որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր համակարգային պարտավորություն։

Նա ընդգծել է պետության կողմից անհրաժեշտ և արդյունավետ միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ անհետացած անձանց ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և նրանց ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։

Մանասյանը նաև կարևորել է միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Նրա գնահատմամբ՝ հատկապես արժեքավոր է անհետացած անձանց ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված կազմակերպությունների փորձը, քանի որ դրանք անմիջականորեն ծանոթ են ընտանիքների խնդիրներին և կարիքներին։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այս ուղղությամբ և իր մանդատի շրջանակում նպաստելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

«Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք»,– ընդգծել է ՄԻՊ-ը։

Կիսվել սոց․ ցանցերում