Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկվել է, իսկ ԼՂ-ում ռուսական ռազմական ներկայությունը շարունակում է իր խաղաղապահական միսիան․․․Միսիա ասելն այս դեպքում նվազագույնը քմծիծաղ է հարուցում առնվազն սեպտեմբերի 19-20-ի՝ ԼՂ-ի զինաթափման, լուծարման և հանձնման ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայից հետո։ Խաղաղապահ միսիայի իրականացման համար միակ իրավական հիմք հանդիսացող նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս ոչ լեգիտիմ է, արժեզուրկ թղթի կտոր, քանի որ դրանում ֆիքսված ՌԴ խաղաղապահ զորակազմի «պատասխանատվության գոտին», «շփման գիծը» այլևս գոյություն չունեցող հասկացություններ են։
Հետևապես՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին, արդյոք այն այլևս գոյություն չունի՝ որպես այդպիսին։ Արցախի ողջ տարածքը ռուս-ադրբեջանական պատասխանատվության գոտի է, այլապես տեղի բնակչությանը չէր վիճարկվի այն ողբերգությունը, որին ականատես ենք լինում սկսած սեպտեմբերի 19-ից։ Անհերքելի է, որ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն անգամ ի վիճակի չեղավ Արցախի նախկին և ներկա՝ հույժ կարևոր, պետական գաղտնիք կրող բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը երաշխավորել՝ փաստացի նրանց հանձնելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Փաստորեն, այս պահի դրությամբ ՌԴ զինված ներկայության անգործության ու հանցավոր անփութության հետևանքով Բաքվի կողմից գերեվարվել և կալանավորվել է Արցախի 8 պաշտոնյա, այդ թվում՝ Արցախի նախկին երեք նախագահները։ Փաստորեն, խաղաղապահ առաքելության հրամանատարության և Արցախի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնագրով, որի քննարկմանը մասնակցել են Բաքվի կողմից առևանգված՝ Արցախի նախկին նախագահները, երաշխավորված չի եղել Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը։ Նման պայմանավորվածություն և երաշխիքներ հնարավոր չի եղել ձեռք բերել անգամ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումների ժամանակ։
Խաղաղապահ հրամանատարությունը, ինչպես հայտնի է, իր պատասխանատվության գոտում իր կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ տեղեկագրեր է ներկայացնում։ Մասնավորապես՝ հոկտեմբերի 3-ի տեղեկագրում նշված է, որ «խաղաղապահների կողմից շարունակվում է անընդհատ գործակցությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ խաղաղ բնակչության նկատմամբ արյունահեղություն թույլ չտալու, վերջինիս անվտանգության, հումանիտար իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Սա զավեշտ է, այն դեպքում, երբ խոսվում է Արցախում մնացած մի քանի հարյուր բնակիչների մասին։ Ուշագրավ է նաև, որ առաքելության տեղեկագրերում սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններից հետո պարտադիր կերպով հիշատակվում է այն մասին, թե ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների, ռուս խաղաղապահների հսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զենքի և զինամթերքի հաշվարկը։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ, օրինակ, հաշվառվել է 79 միավոր զրահատեխնիկա, 93 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 113 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 96 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, MLRS և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրետանային և հակատանկային զենքեր, մոտ 57,6 մլն զինամթերք:
Հոկտեմբերի 2-ի տեղեկագրում էլ նշված է, որ արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք. Ստեփանակերտ քաղաքում՝ անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուսական խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը»։ Արձանագրենք, որ Ստեփանակերտում ռուսներն այլևս ադրբեջանցիների հետ են համատեղ պարեկություն իրականացնում։ Իսկ թե ինչ է արվում «ԼՂ զինված կազմավորումների» կողմից զինտեխնիկան խաղաղապահներին հանձնելուց հետո՝ դրանք ուտիլիզացվո՞ւմ են, ներառվում են խաղաղապահների զինուժի բալանսում, թե՞ հանձնվում են Ադրբեջանին՝ չի նշվում տեղեկագրերում։
Նկատենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն օրերս ներկայացրել էր Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում գրավված զինատեսակների մի մասը։ Ներկայացված նմուշներից էին Т-72 տանկեր, «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, ծանր գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր, բեռնատար և մարդատար ամենագնացներ:
Նշվում էր, որ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո սկսվել է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։
Դատելով ասվածից, կարելի է ենթադրել՝ Արցախի ՊԲ-ն զինտեխնիկան հանձնում է խաղաղապահներին, վերջիններս էլ՝ ադրբեջանցներին։ Փաստորեն, ՌԴ-ի ներկայությունն այս պահին Արցախում մեկ ֆունկցիա ունի՝ ոչ թե խաղաղապահություն, այլ՝ Արցախի ապառազմականացում, քանի որ Արցախի էթնիկ զտումն այլևս իրողություն է, իրողություն՝ ռուս-ադրբեջանական համատեղ ջանքերի շնորհիվ։
Ահա թե ինչու Ադրբեջանն այդպես էլ չստորագրեց խաղաղապահների մանդատը։
Նկատենք՝ ուկրաինական պատերազմը ՌԴ-ն սկսեց ճիշտ նույն նպատակով՝ իր ներխուժումն անվանելով Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողություն»։
Հ․Մ․
