Թուրքերի ճնշող մեծամասնությունը՝ 64 տոկոսը, կարծում է, որ ապրում է մի երկրում, որը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով։ Այս մասին են վկայում վերջին Metropoll-ի սոցհարցման արդյունքները, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Turkey’s Pulse» հարցման արդյունքները հրապարակել է Metropoll-ի սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը։ Թուրքիայի 28 նահանգներում սեպտեմբերի 16-20-ը 1,807 քաղաքացու շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակիցները համեմատաբար նույն կարծիքն ունեն Թուրքիայի՝ «թշնամիներով» շրջապատված լինելու մասին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների 65,5 տոկոսը կարծում է, որ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների պարագայում՝ 52,7 տոկոսը, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կողմնակիցների 75,7 տոկոսը, İYİ (Լավ) կուսակցության աջակիցների 58,4 տոկոսը և քրդամետ Կանաչների ձախ կուսակցության (YSP) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմնակիցների 53,4 տոկոսը։ Սենջարը նշում է, որ երբ խոսքը վերաբերում է հարևան երկրներին որպես թշնամի ընկալելուն, քաղաքական կուսակցությունների և էթնիկական ինքնությունների միջև տարբերությունները գրեթե վերանում են: Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նրանք ապրում են մի երկրում, որը օտարները ցանկանում են բաժանել, հարցվածների 62,4 տոկոսը պատասխանել է «այո», իսկ 34 տոկոսը՝ «ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/696661.html?fbclid=IwAR3YY8mQNpsfIPGyMENP7hDvEhTdaf6RQ69zNXbKmjFx99OcTEtT-xDskWQ
© factor.am
