Իսրայելի ռազմածովային ուժերի Shayetet 13 հատուկ նշանակության ջոկատի զինվորները գերի են վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հարավային բրիգադի հրամանատարի տեղակալին և այժմ հարցաքննում են նրան։ Պաղեստինյան շարժումը նույնպես պնդում է, որ գերի է վերցրել իսրայելցի զինվորներին:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ զինվորականները ձերբակալել են պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման հարավային ռազմածովային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մուհամմադ Աբու Հալիին։
Աբու Հալին գերեվարել է իսրայելական նավատորմի հատուկ ջոկատայինների մաս կազմող Շայեթ 13 ստորաբաժանումը։ Թե ի՞նչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, չի նշվում, հաղորդում է Times of Israel-ը։
«Կասկածյալը կալանքի տակ է, և ներկայումս նրան հարցաքննում են պաշտպանության ուժերի ներկայացուցիչները»,- ասել են զինվորականները:
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի դիրքերին:
Իսրայելական բանակը հոկտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել Գազայի Շուջայյա շրջանին՝ խոցելով մոտ 150 թիրախ։
Իսրայելի պաշտպանության բանակը տարածքն անվանել է «ահաբեկչության բույն», որտեղից ՀԱՄԱՍ-ը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա։ Զինվորականները նաև հայտնել են, որ հարվածներ են հասցրել շարժման հետախուզության շտաբին և ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող ռազմական համալիրին: Ըստ բանակի խոսնակ Դանիել Հագարիի՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ից, իսրայելական կողմը Գազայի հատվածում գրոհել է մոտ 800 թիրախ, հայտնում է Haaretz-ը։ Նշվում է, որ սպանվել է ՀԱՄԱՍ-ի 400 զինյալ, տասնյակները՝ ձերբակալվել։
Պաղեստինյան շարժումն իր հերթին հայտարարել է մոտ 100 մարդու պատանդ վերցնելու և գերեվարելու մասին, այդ թվում՝ իսրայելցի բարձրաստիճան զինվորականների։
