ԼՂ-ից հայերը պարտադրաբար են դուրս եկել, տարածաշրջանը եղել և մնում է հայկական. իրանցի խորհրդարանական

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Շահրիյար Հեյդարին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղից մարդկանց փախուստը հարկադրված է եղել, իսկ տարածաշրջանը եղել և մնում է հայկական։

«Այս պահին Ղարաբաղը վիճելի տարածք է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանը, օգտագործելով արտատարածաշրջանային ուժերը և սիոնիստական ռեժիմը, հասել է ռազմական գերակայության Հայաստանի նկատմամբ, բայց դա թույլ չի տալիս Բաքվին զավթել այն, ինչ ինքն ուզում է»,- Հեյդարիի խոսքերն է մեջբերում ParsToday-ը։

Միաժամանակ նա կարծում է, որ Իրանը ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները լուծել երկխոսության շրջանակներում։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, իսկ մարդկանց ելքը պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծություններով ու գրոհներով։ Նա նշել է, որ դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց ինքնատիպությունն ու ինքնությունը։

Հեյդարին հավելել է, որ «անցյալում Հայաստանի կողմից գրավված տարածքները, որոնց մեծ մասը պատկանել է Ադրբեջանին, Բաքուն գրավել է մինչև վերջին սրացումը»։ Սակայն եթե Բաքուն շարունակի հավատարիմ մնալ նույն կուրսին, ապա ստիպված կլինի երկար տարիներ ներքաշվել սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից իրեն պարտադրված պատերազմներում, նշել է իրանցի խորհրդարանականը։

Շահրիյար Հեյդարին հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերը ձգտում են շահագործել տարածաշրջանի ռեսուրսները, բացել նոր միջանցքներ և օգտագործել Բաքուն Եվրոպային աշխարհաքաղաքականապես միանալու համար։

Միևնույն ժամանակ նա պնդում է, որ Երևանը ստիպված է եղել հանձնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ Բաքուն նրան գերակայում է ռազմական առումով։

Կիսվել սոց․ ցանցերում