ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դպրոցում արդեն ունեմ շատ ընկերներ, պիտի լավ սովորենք, որ հզորացնենք մեր պետությունը․ ԼՂ-ից բռ նի տեղшհшնված դպրոցականներ

«Վերջին օրերին Արցախում ռմբակոծում էին, ու մենք չէինք գնում դասի, գիշերները կանայք կրակի վրա հաց էին սարքում, լույս չկար, սնունդը շատ քիչ էր, բայց մենք չենք կոտրվել և եկել ենք, շարունակում ենք այստեղ սովորել ու պիտի լավ սովորենք, որ հզորացնենք մեր պետությունը»,-  ասում է ԼՂ-ից բռնի տեղահանված Լինորան, ով սովորում է Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում։ Դպրոցում Լինորայի պես արդեն 50 արցախցի աշակերտ է սովորում։ Մեր նկարահանման պահին ևս արցախցի երեխաներ էին ընդունվում դպրոց։

Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի խոսքով՝ դպրոցում սովորում է մոտ 700 աշակերտ, իսկ արցախցի աշակերտների թիվը ավելանում է ամեն օր. «Արցախից բռնի տեղահանված աշակերտների մեծ մասը իրենց հետ ունեցել են փաստաթղթեր՝ ծննդյան վկայական, սոցքարտ, և նրանց ընդունելությունը կարողացել ենք արագ կազմակերպել: Գալիս են բավականին խելացի և բավականին հավաքված աշակերտներ, միանգամից ադապտացվում են, ադապտացման խնդիրներ չենք ունեցել»։

Դեռևս 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական զորքերը օկուպացրել էին Հադրութի շրջանը, դպրոցում աշխատանքի են անցել նաև Հադրութից տեղահանված ուսուցիչներ. Անահիտ Բաղյանը Հադրութից է տեղահանվել, աշխատում է որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի. «Երեխաները իսկապես մի քիչ նեղված են, որ կորցրել են իրենց հայրենիքը։ Իրենց թվում էր, որ իրենք հայտնվել են մի միջավայրում,  որն իրենց անծանոթ է, բայց երբ արդեն նրանց ընդունեցին դասարաններ, նրանք գտան իրենց տեղը այս դպրոցի կոլեկտիվում. մեկը մյուսի նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեն»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝  տեսանյութում

Կիսվել սոց․ ցանցերում