Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելում ձգձգվող հшկшմարտության հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զգուշացրել են ամերիկացի սենատորներին Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնում է Punchbowl News պորտալը։

Նրա խոսքով, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի «նախազգուշացրել են սենատորներին, որ իրենք պետք է ընտրողներին նախապատրաստեն Իսրայելում և Գազայի հատվածում երկարատև պատերազմի հավանականությանը` մատնանշելով առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՄՆ աջակցության անհրաժեշտությունը»:

Պորտալի տվյալներով՝ օրենսդիրներն ակնկալում են, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները շուտով իրենց կտեղեկացնեն այն մասին, թե ինչ կարող է պահանջվել մոտ ապագայում Իսրայելին աջակցելու համար։ Մասնավորապես, խոսքը կարող է լինել ռազմական օգնության հատկացման մասին, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի պաշարների համալրման «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Գազայի հատվածից հրթիռային հարձակումներ են սկսվել Իսրայելի վրա, և միաժամանակ գրոհայինների խմբերը մտել են հրեական պետության տարածք, որտեղ իսրայելցի զինվորականները մարտի են բռնվել նրանց հետ։ Իսրայել պաշտպանության բանակը հայտարարեց «պատերազմի պատրաստության վիճակ», ապա՝ «Երկաթե սրեր» օպերացիայի մեկնարկի մասին։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Գազայի մոտ պաղեստինյան արմատականների գործողությունն անվանել է արձագանք Երուսաղեմի կենտրոնում գտնվող Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ Իսրայելի իշխանությունների ագրեսիվ գործողություններին։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորայիններին բանակ զորակոչելուն և հրամայել երկրում «անվտանգության հատուկ իրավիճակ» մտցնել։

Կիսվել սոց․ ցանցերում