Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու Ադրբեջանը չգնաց Գրանադա ու փաստաթուղթ չստորագրեց:
«Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումներից մեկն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն, երկրորդը, որը ստուգելու հնարավորություն կլինի առաջիկայում, այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղություն տեղի չունենա, մի շարք թեմաներ կան, որ նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների, էսկալացիաների համար: Դրա համար ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում, բոլոր պրոբլեմները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են ՀՀ-ի և ՀՀ անվտանգության շահերից»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը պետք է կայանար Գրանադայում ԵՄ առաջնորդ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Վերջին պահին, սակայն, հայտնի դարձավ, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ պատճառաբանելով, թե «Ֆրանսիան կողմնակալ ու պրոհայկական դիրքորոշում ունի»։ Եվրոպական լիդերների հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն էր հրապարակել: Կողմերն ընդգծել էին սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար:
