Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գրանադայում տեղի ունեցած հանդիպմանը և ընդունված հայտարարությանը:
«Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն, առաջինը քառակողմն էր` Մակրոնի, Շոլցի, Միշելի և իմ, երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Սրանով արձանագրվեց, որը, էլի չեմ ուզում ասել՝ աննախադեպ, բայց շատ կարևոր է, որ ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Երկու հայտարարություններում էլ արձանագրվեց, թե ԵՄ և մեր տեսակետից որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները, դրանցից մեկը փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է, երկրորդը այն, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, նաև՝ համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների, երրորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»,- մանրամասնեց նա:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատապարտվեց ԼՂ նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, բռնի տեղահանումը ԼՂ ժողովրդի, արձանագրվեց ԵՄ, նաև ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ-ին աջակցել հումանիտար իրավիճակը կառավարելու առումով:
Վարչապետը հստակեցրեց, որ Գրանադայում ընդունված հայտարարությունը քառակողմ է, ոչ թե հնգակողմ։
«Ադրբեջանը չստորագրեց փաստաթղթի տակ։ Եթե, օրինակ, այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես կասեի, որ հավանականությունը մինչև տարեվերջ ստորագրելու «Խաղաղության համաձայնագիր»-ը 70%-ից բարձր է»,- նկատեց Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը պետք է կայանար Գրանադայում ԵՄ առաջնորդ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Վերջին պահին, սակայն, հայտնի դարձավ, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ պատճառաբանելով, թե «Ֆրանսիան կողմնակալ ու պրոհայկական դիրքորոշում ունի»։ Եվրոպական լիդերների հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն էր հրապարակել: Կողմերն ընդգծել էին սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար:
