«Մենք առհասարակ որևէ առևտրի մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել»։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրային ձայն» կուսակցությունների միջև առևտուր եղե՞լ է՝ որպես օրինակ նշելով Արտակ Գալստյանի կնոջ ազատ արձակման տեղեկությունը:
«Հարցերը, որ վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առևտրի առարկա դարձնել, որովհետև այդ դաշտ չենք մտնում։ Ինչ տեղի է ունենում իրավապահ համակարգում, կատարվում է քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներից անկախ։ Մենք որևէ կերպ ո՛չ ներազդել ենք, ո՛չ առևտուր ենք արել որևէ մեկի հետ։ Նաև հատուկ շեշտել ենք՝ կան ուժերի տեսակներ, որոնց հետ որևէ կերպ որևէ գաղափար չենք կիսում և քննարկելու բան չունենք»,- ընդգծեց Ավինյանը։
