Կյանք և կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը». որդին ծանր վիրավորում է ստացել մարտի դաշտում

Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»։

Տիկին Ռոզա Թովմասյանն Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։

Նա մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։

Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչք են զարնում` տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում…

Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարը պատմական բազմաթիվ դրվագներում զուգակցվել է հայ կնոջ մեկ այլ՝ խիզախ և քաջ կերպարի հետ։ Ստացվում է, որ որոշ իրավիճակներ և իրադարձություններ կարող են կնոջը դրդել հրաժարվելու կանացիության և նրբության դոգմաներից, կոտրելու կարծրատիպերը և դեմ գնալու ընդունված նորմերին։

Տիկին Ռոզան իր շրջապատին ապացուցել է, որ կարելի է լինել նուրբ, բայց միևնույն ժամանակ ուժեղ կին։

Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և Ապրիլյան քառօրյա պատերազմին։

Մեղմ ժպիտով ու թավշյա ձայնով տիկին Ռոզան ասում է՝ պատերազմը կնոջ դեմք չունի, բայց առանց կնոջ դժվար է թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում: Պատերազմում կնոջ ներկայությունը կարևոր է, բայց ամենից առաջ կարևոր է մարդ ու հայ լինելը: Հայրենիքը միայն տղամարդունը չէ. կանայք էլ են օգտվում հայրենիքի բարիքներից, ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք մեր հայրենի հողն ու ջուրը։

44-օրյա պատերազմին չի մասնակցել, ռազմի դաշտ որդուն է ուղարկել ՝ աղոթելով ու սպասելով բոլոր զինվորների վերադարձին։

Որդին ծանր վիրավորում է ստացել մարտի դաշտում, այնուհետ 7 անգամ վիրահատվել։

Այժմ կյանք ու կռիվ տեսած կնոջ երազանքը խաղաղությունն է և որդու ոտքի կանգնելն ու հաստատուն քայլեր կատարելը։

Համեստ հպարտությամբ տիկին Ռոզան ասում է, որ հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն և հաշմանդամություն ունեցող որդուն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր:

Տիկին Ռոզան քչախոս է, չի սիրում իր անցած ճանապարհի մասին խոսել ու պատմել։ Մետրոպոլիտենի երկարամյա աշխատակիցները միայն կփաստեն, որ Ռոզան տանն է կին, աշխատավայրում լավ ու վստահելի գործընկեր է, զորամասումˋ զինվորի մայր, կռվի ժամանակˋ գթության քույր, վիրավորի մոտˋ ծնող, ով ամեն գնով փորձում է փրկել վիրավորի կյանքը, զոհի դիմացˋ մարդ, ով հարազատից շուտ է ցավ ապրում ու արցունք թափում նրա համար…

Կիսվել սոց․ ցանցերում