Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Երեխայի ծնողներն առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում:
Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ:
«Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության: Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս:
Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում շմոլ գազից մի ամբողջ ընտանիք էր թունավորվել. հոսպիտալացվել էր 4 քաղաքացի, այդ թվում՝ երեխա, տեղում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի բուժկենտրոն: