ՀԱՊԿ-ը և Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություն ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին. Փաշինյան

«2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Խոսքը այն մասին է, որ սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչև 4 կմ ներխուժեցին երկրի տարածքի խորքը։ Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, միայնակ թողեցին»։

Այս մասին այսօր՝ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տեղի ունեցած այդ սադրանքի նպատակը ընտրությունները ձախողելն ու պետությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձևավորելը։

Այդ պայմաններում Հայաստանում անցկացվեցին ընտրություններ, որոնք ճանաչվեցին ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային։ Վստահաբար կարող եմ ասել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ մակարդակի ընտրության արդյունքներ չեն նենգափոխվել: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե հակառակը»,- հավելեց նա։

Վարչապետի խոսքով՝ շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։

Կիսվել սոց․ ցանցերում