«Ուզում եմ այս հարթակից շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար, սա կարևոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանության համար։
Այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ չեմ ընդունում միջազգային որոշ պաշտոնյաների զարմացած դեմքերը ԼՂ-ում սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։ Այսօր ոմանք ձևացնում են, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները, նման հարցադրումն ինքնին ցինիզմի նման է, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է՝ Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»։
Վարչապետը հավելել է, որ իրականում չափազանց ցավալի է արձանագրել, որ բոլորով ի վիճակի չեղան կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։
«Հայաստանի կառավարությունը, ԵԽ-ն բազմիցս են ահազանգել ԼՂ-ում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանը ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չի կայացրել։ Այժմ, Լեռնային Ղարաբաղն այլևս հայաթափված է։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չունեցավ»,- նշել է Փաշինյանը:
