ԱՄՆ–ում բռնել են 21 ավազակային հարձակում կատարած արջին

ԱՄՆ-ում բռնել են կողոպտիչ արջին, որն ավելի քան մեկ տարվա ընթացքում թալանել է Տահո լճի մերձակայքում գտնվող տները։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

2022 թվականի փետրվարից 227 կիլոգրամ կշռող սև արջը կատարել է առնվազն 21 կողոպուտ։ Ոչ ազդանշանները, ոչ էլ այլ միջոցները, որոնցով փորձում էին նրան հետ պահել մարդկանց բնակավայր այցելություններից, չեն ազդել նրա վրա:

Կենդանու ինքնությունը պարզվել է ԴՆԹ-ի միջոցով: Սկզբում նրան արական սեռի ներկայացուցիչ էին համարում և նույնիսկ տվել էին Հենք Թանկ մականունը։ Բռնելուց հետո պարզվել է, որ տների թալանի ժամանակ արջին ուղեկցել են նրա երեք ձագերը։ Նրանցից մեկին գտել են վիրավոր. ամենայն հավանականությամբ, կենդանուն վրաերթի էր ենթարկվել։

Կալիֆորնիայի ձկնորսության և որսի վարչությունը հայտնել է, որ արջը կտեղափոխվի Կոլորադոյում գտնվող վայրի կենդանիների ապաստարան: Նրանք չեն ծրագրում կենդանուն բաց թողնել վայրի բնություն, քանի որ «նա բոլորովին կորցրել է մարդկանց հանդեպ վախը»։

Ձագերին կառանձնացնեն մայր արջից և կուղարկեն Կալիֆորնիայում գտնվող արգելոց: Մասնագետները հուսով են, որ այս որոշումը կօգնի նրանց մոռանալ մորից սովորած բացասական վարքագծային օրինաչափությունները, որից հետո նրանց կարող են վերադարձնել վայրի բնություն:

Կիսվել սոց․ ցանցերում