Հանրային լողափերում ջրահեղձության դեպքեր ենք ունեցել, ջրային պարեկային ծառայության միջոցով կարող ենք խուսափել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճում ջրային պարեկների առկայությանը։

Վերջինս ընդգծեց, որ լճում ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտություն կա, ջրային ոստիկանությունը գործելու է հետևյալ տրամաբանությամբ․

«Ներդնելու ենք կոմբինատ ծառայություն՝ ոստիկանության և Սևան ազգային պարկի , Փրկարար ծառայության համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափերում երկու ջրահեղձության դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է ծառայողական քննություն, որովհետև տրամաբանությունն այն է, որ հանրային լողափերում մենք ջրահեղձությունից կարող ենք խուսափել»։

Վարչապետի խոսքով՝ Սևանում պարեկային ծառայություն իրականացնելու անհրաժեշտությունը լճում էական փոփոխությունների պետք է բերի։ Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում ջրային տրասնպորտային միջոցների երթևեկության կարգի հետ խախտման արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործված կամ չօգտագործված լինելու ստուգումներ իրականացվել։

ՆԳ նախարարն էլ հավելեց. «Ձեռք ենք բերելու երկտեղանոց սկուտեր՝ 8 հատ, երեք տեղանոց՝ 4 հատ։ Այս պահի դրությամբ թե՛ ոստիկանությունը, թե՛ Փրկարարական ծառայությունն ունի այլ միջոցներ»։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ նախատեսվում է պետական բյուջեի ու միջազգային գործընկերների աջակցությամբ 8 հատ մոտորանավակ ձեռք բերել, 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս ծառայություն կիրականացնեն լճում. «Սա նշանակում է, որ Սևանա լճում ձկան որսը օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար»։

Կիսվել սոց․ ցանցերում