Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Սամվել Շահրամանյանին

Ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի հանդիպում ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ։

Հարցադրմանն այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, ժամանակ չի ունենում, չի ընդունում։ Ինձ էլ երբեմն, որ ժամանակ չի ունենում, չի ընդունում։ Հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչները փաստաթղթեր են ստորագրել, լուծարել են այդ հանրապետությունը, այլ երկրների հետ հարաբերության մեջ են մտել։ Հիմա էլ ասում եք՝ ինչո՞ւ չի ընդունում, ո՞ւմ ընդունի»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ԼՂ իշխանությունը կարող է գոյություն ունենալ միայն ԼՂ-ում․ «Այլ երկրի տարածքում մեկ այլ տարածքային սուբյեկտի իշխանություն չի կարող գործել, նման բան չի եղել, վտարանդիր իշխանություն եղել է դարեսկզբին, երբ ռուսական ցարական իշխանությունն ամեն մի տեղ ցար ուներ։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչումը միջազգային ընդունված իրավական փաստ է, և որևէ նորմալ պետություն չի կարող որևէ բան ասել, բայց դրանով չի նշանակում, որ պետք է ոտնահարվեին Արցախի ժողովրդի իրավունքները։ Այսօր ունենք 100 հազար բռնի տեղահանված և ամեն ինչ անելու ենք նրանց իրավունքները ապահովելու համար: Ժամանակի ընթացքում կորոշեն՝ քաղաքացիություն ուզո՞ւմ են, թե՞ ոչ, բայց տեղահանվածի կարգավիճակ կմնա, դա փաստագրում է»։

Խաչատրյանը նաև կարևորեց. «Ամեն ինչ արվելու է, որ արցախցիների հետ վերադարձի, գույքային իրավունքները պահպանվեն. նրանք այնտեղ թողել են ահռելի քանակությամբ գույք, իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենի երկիրը։  Ինչպես եք պատկերացնում, պատերազմից հետո տարածաշրջանում ՀՀ-ն հայտարարում է, որ անկախության ենք գնում, որովհետև ամենաշատը մեզ է պետք դա, հետո հայտարարի՝ ես չեմ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, տարածքներ կան, որ մերնն են, մենք հետո գալու ենք վերցնելու, օրեր հետո պատերազմ կլիներ։ Դե յուրե ամբողջ աշխարհը ճանաչում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է, եթե այդպես չէ, ապա ումի՞ց էինք փրկում, ինչի՞ց էինք ինքնորոշում»։

Կիսվել սոց․ ցանցերում