Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է, եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ատոմակայանը բավական լավ վիճակում է՝ հաշվի առնելով, որ հսկայական աշխատանք է իրականացվել եւ շարունակում է իրականացվել:
Մենք ունենք 2026 թվականի լիցենզիա, որոշ աշխատանքների գծով՝ 2031 թվականի: Սկսում ենք ատոմակայանի կրկնակի ժամկետի երկարացման մեծ ծրագիր, որը հիմա փաստաթղթային փուլում է, եւ հաջորդ տարի այդ ծրագրի վրա նախատեսել ենք ծախսել մոտ 20 միլիարդ դրամ: Իսկ նպաակը հետեւյալն է՝ կրկնակի երկարաձգման արդյունքում մենք կդիմենք, եւ կարծում եմ՝ կստանանք լիցենզիա՝ 2026 թվականի փոխարեն ատոմակայանը շահագործել մինչեւ 2036 թվական: Մեր գլխավոր նպատակը դա է, մեր քայլերը հիմա ուղղված են դրան, եւ դրանով մենք շարժվում ենք առաջ՛՛:
Ըստ Սանոսյանի՝ հեռանկարային նպատակը նոր էներգաբլոկի կառուցումն է, որը, նրա խոսքով, հեշտ գործ չէ:
՛՛Դրա հզորության եւ այլ պարամետրերի որոշումը բավական բարդ է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնագետները փորձում են հաշվարկել՝ առաջիկա տարիներին մեր երկրում էներգետիկ բալանսն ինչպիսի՛ն կլինի, ի՛նչ պահանջարկ կունենանք…՛՛,-ասաց նախարարը::
